կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 20:30
Հասարակություն

Քուվեյթում և Վիետնամում

Քուվեյթում և Վիետնամում

Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ապրիլի 23-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները գնացել են եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը:

 

Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվել է գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցները կատարել են ազգային-ազատագրական երգեր, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, իր խոսքում անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամել է միավորել համայն հայության ջանքերն ու նոր ավյուն հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:

 

Ելույթով հանդես է եկել նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` ընդգծելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգված և միասնական ուժերով կազմակերպելու, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները բազմապատկելու կարևորությունը:

 

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ևս ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են զետեղել Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ:

 

Այնուհետև ելույթով հանդես է եկել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը: Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորել է քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում: