Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի նշանակմանը, ինչպես և սպասվում էր, լրատվամիջոցներում ու սոցցանցերում հաջորդեց «մեռելոցը»: Ո՛վ էր տեսել Ֆեյսբուքն այդքան ամայի, կարծես թուրքն էր անցել ֆեյսբուքյան հովիտներով և ջնջել ճանապարհին պատահած ամեն բան:
Բոլորը, վարչապետացուի փնտրտուքի տասնօրյա մարաթոնից ուժասպառ, խորունկ նիրհում էին, ոմանք՝ անհուսության, ոմանք՝ հեռվում նշմարվող հույսի բարձերին գլուխները դրած: Եվ միայն մեկն էր, որ վերջապես ննջում էր փառքի դափնիների վրա հեշտագին ընկողմանած՝ նոր վարչապետը:
Սակայն լռությունը երկար չտևեց: Ֆեյսբուքամիտքը ճմլկոտալով արթնացավ և կամաց-կամաց հիշեց, որ, վարչապետից բացի, կա նաև նոր կառավարություն, կան վերադասավորումների նոր ակնկալություններ ԱԺ-ում, ուրեմն` դեռ որքա՛ն բան կա քննարկելու: Եվ… անցավ գործի: Ու ինչպես հաճախ լինում է մեր իրականության մեջ, քննարկումները, դիցուք՝ թե ով կլինի ԱԺ նոր նախագահը, ձգվեցին զավեշտի սահմանից մինչև անհեթեթության տիրույթները: Իսկ զավեշտից անհեթեթություն ձգվող տարածության վրա ո՛վ ասես ԱԺ նախագահի թեկնածու չէ:
Ահավասիկ, ակտիվ քննարկվում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Եվ գլխավոր փաստարկն այն է, թե՝ եթե ԱԺ նախագահ եղել է Հովիկ Աբրահամյանը, ինչո՞ւ չի կարող Գ. Սահակյանը լինել: Այս փաստարկի դեմ, ճիշտն ասած, դժվար է խելքը գլխին որևէ հակափաստարկ բերել, հետևաբար, քննարկել կարելի է Գալուստի թեկնածությունը մեկ այլ՝ ժողովրդին հասկանալի լինելու առումով:
Սույն գործիչը, որ հանճարեղ բան արած կլինի, եթե երբևէ փորձի հրատարակել իր հարցազրույցների ու ճեպազրույցների ժողովածուն կամ գոնե ընտրանին, քանի որ դրանով մեծ ավանդ ներդրած կլինի հրապարակախոսության մեջ աբսուրդի ժանրի զարգացման գործում, տարիներ շարունակ վայելում է հանրության անկեղծ հեգնանքն ու քմծիծաղը, հետևաբար, կարծես արդեն հասունացել է ԱԺ նախագահի աթոռին դրվելու համար: Այնպես, ինչպես վարչապետի աթոռին դրվելու համար «հասունացել» էր ԱԺ նախկին նախագահը: Եվ ոչինչ, որ Գալուստի խոսքն իր նախորդի պարզ խոսակցական լեքսիկոնից հետո խիստ խրթին և նույնիսկ անմեկնելի կարող է թվալ, կարևորն այն է, որ նրան առաջադրի ՀՀԿ ընտրանին և ՀՀԿ առաջնորդը: Վերջինիս կողմից առաջադրվելու փաստով արդեն նրանք «իմաստավորվում» են: Ահա, թե ինչու, որևէ մեկը չի կարող բացառել, որ Գ. Սահակյանը կարող է ԱԺ նախագահ դառնալ: Թող աբսուրդը շարունակվի:
Բ. Գասպարյան