Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի համարում, որ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի պարտադիր կուտակայինի մասին օրենքը կամ դրա որևէ նորմ: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես չեմ համարում, որ որևէ օրենքի հակասահմանադրական ճանաչվելը կառավարության հրաժարականի պահանջ կարող է լինել»:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի «Գելափ»-ի հարցումների մասին, ըստ որոնց` ոչ թե հասարակության 80 տոկոսն է դեմ պարտադիր կուտակայինին, ինչպես իր ելույթում նշել էր ՀՀ նախագահը, այլ 88,6-ը, նախարարը նշեց, որ տեղյակ չէ այդ հարցումներից:
«Այս պահին օրենքն ընդունված է 2010-ից, մենք սպասում ենք ՍԴ վճռին` ինչպիսին այն կլինի, նոր դրանից հետո մեկնաբանություններ կտանք»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է նախարարի պատասխանատվությանը՝ կառավարության ձախողումների համատեքստում, Դավիթ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը լիարժեք լուծում է իր առջև դրված խնդիրները, բայց կառավարությունը խոստովանում է, որ կան խնդիրներ, որոնց լուծումը դեռևս չի հաջողվել տալ:
Yerkir.am-ի այն հարցին՝ արդյո՞ք նախարարը անհարմարության զգացում չունի, որ ընդդիմությունը շուտով ներկայացնելու է կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը, նախարարը պատասխանեց. «Ոչ չունեմ անհարմարության զգացում, ուզում եք՝ ունենա՞մ: Ուրախ եմ, որ անվստահություն են ներկայացնելու»:
Մեր հարցին՝ արդյո՞ք հետևել է «Դեմ եմ»-ի հանրահավաքին, նա պատասխանեց. «Ոչ, չեմ հետևել, ես այդ ժամանակ Հայաստանում չէի, ցավոք սրտի, և չեմ հետևել»:
Ըստ նախարարի` կուտակայինի իրազեկման հետ կապված տարվել են բոլոր աշխատանքները, բայց ինչո՞ւ այնպես ստացվեց, ինչպես որ ստացվեց, դրա պատճառը նախարարը տեսնում է նրանում, որ կուտակայինի հարցն արդեն չի գտնվում մասնագիտական քննարկումների դաշտում, այլ` քաղաքական քննարկումների:
Հարցին` պատրա՞ստ է մեր հասարակությունը պարտադիր կուտակային օրենքին, նախարարը պատասխանեց. «Եթե հասարակությունը պատրաստ լիներ, չէինք ունենա այն վիճակը, որ ունենք այսօր, ու չէր վիճարկվի այդ հարցը ՍԴ-ում»:
Հարցին՝ կուզենա՞ր, որ օրենքից հանվեր պարտադիր բաղադրիչը, Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, տեղին չեմ համարում, որ պարտադիր բաղադրիչը հանվի»: