կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 12:45
Առանց Կատեգորիա

The Guardian-ը հրապարակել է Հայոց ցեղասպանության ականատես` 106-ամյա կնոջ պատմությունը

The Guardian-ը հրապարակել է Հայոց ցեղասպանության ականատես` 106-ամյա կնոջ պատմությունը

The Guardian պարբերականը հրապարակել է «Առաջին համաշխարհային պատերազմ. ականտեսների հիշողությունները» վերնագրով հոդված, որում ներկայացրել է նաեւ Հայոց ցեղասպանության ականատես` 106-ամյա Օվսաննա Գալստյանի պատմությունը:

 

Ստորև զգալի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը:

 

Հայոց ցեղասպանության ականատես Օվսաննա Գալստյանը, ով 106 տարեկան է, լավ է գիտակցում, թե որն է իր առաքելությունը այդ իրադարձություններից մոտ մեկ դար անց: «Աստված ինձ թույլ է տվել ապրել այսքան երկար, որպեսզի ներկայացնեմ պատմությունը»,- ասել է 106-ամյա կինը:

 

Օվսաննան ծնվել է 1907թ. Կ. Պոլսից 100 կմ արևելք գտնվող Ադաբազար քաղաքում: Նա ապրել է գեղեցիկ տան մեջ, որի դիմաց եկեղեցի է եղել: Ադաբազարը 1914 թվականին 12.5 հազար հայ բնակչություն է ունեցել, առևտրական և արհեստագործական կարևոր կենտրոն եղել: «Հույներն ու թուրքերն անգամ հայերեն էին խոսում»,- պատմել է Օվսաննան:

 

Նա ութ տարեկան է եղել, երբ 1915 թվականին երիտթուրքերի կառավարությունը հրահանգել է իրագործել հայերի տեղահանությունը: Օվսաննան ծնողների, եղբայրների եւ հարազատների հետ ժամանել է Էսքիշեհիր, որտեղ նրանց մտցրել են անասունների համար նախատեսված բեռնատարների մեջ. ահա, թե ինչպես են հազարավոր հայերի աքսորել Սիրիայի անապատները:

 

Օվսաննան պատմել է, թե որքան էր ցավել, երբ  Օսմանյան բանակին օժանդակող ավազակային խմբերը երկու հայ աղջիկների առևանգել էին:

 

1918 թվականի զինադադարի հաստատումից հետո Օվսաննայի ընտանիքը վերադարձել է հայրենի քաղաք, սակայն տունը գտել ամբողջովին ավերված: 1924 թվականին նրա հորեղբայրները, հորաքույրերն ու զարմիկները գաղթել են ԱՄՆ, իսկ չորս տարի անց նա նավով մեկնել է Մարսել: Այսօր Մարսելի բնակչության 10 տոկոսը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են:

 

106-ամյա կինը կարողացել է փոքր գումար վաստակել՝ աշխատելով տեքստիլ ֆաբրիկայում: Օվսաննան ամուսնացել է Զավեն Գալստյանի հետ, ով միակն էր իր ընտանիքից, որ ողջ էր մնացել կոտորածների ժամանակ:

 

Այժմ Օվսաննան աշխատում է մշակութային ասոցիացիայում և մասնակցում համայնքային ցույցերին: Նա Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարող մարդկանցից է:

 

«Ցեղասպանությունը հերքել, նշանակում է հերքել տատիկիս խոսքերը»,- նշել է Օվսաննայի թոռնիկը՝ Ֆրեդերիկը: