Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ադրբեջանական շփման գծում ժամանակ առ ժամանակ ստեղծվող լարվածությունը, դիվերսիոն գործողությունները եւ այլն պայմանավորված են այն հանգամանքով, որ թուրքը, որպես նոր ստեղծվող ժողովուրդ, իր համար դեռ նոր է ստեղծում ազգային ու բանակային ավանդույթներ. լրագրողներին այսօր ասաց ազատամարտիկ, Հատուկ նշանակության խմբի հրամանատար Վովա Վարդանովը:
Ըստ ազատամարտիկի` ոչ թե թուրքերը բանակ չեն ունեցել, այլ կայուն հողի վրա հիմնված պետություն ու դրան համապատասխան բանակ չեն ունեցել, դրա համար են ավանդույթները նոր փորձում ձեւավորել:
«Օրինակ' հունվարի 20-ին, նրանք համարում են, «անմեղ» ադրբեջանցիներին սովետական հատուկ նշանակության զորքերը, գեներալ Լեբեդի հրամանատարությամբ, մտան ու Բաքվում կոտորեցին: Խոջալուի օդանավակայանի ազատագրման օրը եւ այլն, այդ օրերին նրանք ակտիվանում են դիվերսիոն գործողություններով»,- նշեց ազատամարտիկը:
Ըստ նրա` հայկական կողմը պետք է հստակ իմանա դրա մասին, բայց սահմանին աչալուջ լինի ոչ միայն այդ օրերին, այլ մնացած բոլոր օրերին եւս, քանի որ թուրքը մեզ միշտ այլ աչքով է նայում, եւ հայ զինվորները միշտ պետք է հետեւեն իրադրությանը:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի կազմակերպած վերջին դիվերսիոն գործողությանը, որի ժամանակ զոհվեց սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, Վովա Վարդանովը նշեց. «Ապրեն տղաները, շատ եմ ցավում Արմենի համար, բայց պետք է հիշել, որ հակառակորդի դիվերսանտներին հետ է շպրտել ոչ միայն Արմենը, այլեւ այդ պահին դիրքում եղած մյուս բոլոր տղաները եւս»:
Հայկական բանակի համար լավ օր է, նշեց հետախույզ-դիվերսանտը, քանի որ հաջողվել է հետ շպրտել հակառակորդի դիվերսիոն ջոկատը, բայց միայն լավ բաների մասին չէ, որ այսօր պետք է խոսել:
«Տեսե'ք, առաջինը շունն է դիվերսանտների հոտն առել, հարձակվել, հետո խոցվել թուրք դիվերսանտների կողմից խլացուցիչ զենքով: Իսկ եթե դիվերսանտներն ավելի հեռահարմ անձայն զենքո՞վ ոչնչացնեին շանը, մինչեւ նա կհասցներ հոտն առնել, կամ քիմիական ինչ-որ միջոցներով, կամ լավ շարժվող դիվերսանտ լիներ, ում ձայնը շունն էլ չլսեր...» ,- խնդիր բարձրացրեց Վովա Վարդանովը:
Ազատամարտիկը հիշեցրեց, որ հայ ճարտարագետները ստեղծել ու ստեղծում են այնպիսի տեխնիկական միջոցներ` «դատչիկներ», որոնք ջերմաստիճանի, քիմիական ցուցիչների, շարժման եւ այլ փոփոխությունները միանգամից ֆիքսում են: Իսկ հայ գյուտարարների կողմից ստեղծված այդ տեխնիկան այժմ արտադրվում է ԱՄՆ-ի համար' ԱՄՆ-Մեքսիկա սահմանին տեղադրվելու նպատակով: Իսկ հայկական կողմը, նշում է Վարդանովը, այդպիսի տեխնիկայով սահմանը սպառազինելու խնդիր չի լուծում:
«Հիմա ո՞ր դարն է: Տեխնիկան ու տեխնոլոգիաներն այնպիսի հնարավորություններ են ստեղծել, որ մինչեւ հայկական դիրքերին հակառակորդի դիվերսանտների մոտենալը' 100-200 մետրից դեռ, կարող ենք իմանալ, որ շարժ կա: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ մնանք ոչ թե նույնիսկ 20-րդ դարում, այլ 19-րդ: Մենք դեռ շարունակում ենք մեր սահմանների անվտանգությունը տղերքի մարմիններով պահել»,- անհանգստանում է Վովա Վարդանովը:
Նախկին հետախույզ-դիվերսանտը նշում է, որ ՊՆ-ն պետք է այդպիսի նորարարական տեխնիկա-տեխնոլոգիաներ գնի, սահմանի տեխնիկական վերազինում կատարի, արդիականացնի իր համակարգերը, հայ մտքի ստեղծածը պետք է օգտագործվի, որպեսզի դիվերսանտը հայկական դիրքերին չմոտենա այնքան, որպեսզի կարողանա շանը տեսնել ու ոչնչացնել:
Այս հարցում Վարդանովը կարեւոր էլ չի համարում' հակառակորդն այդպիսի տեխնիկա ու միջոցներ ունի, թե` ոչ. «Ի՞նչ կապ ունի' Ադրբեջանն ունի այդպիսի միջոցներ, թե` ոչ: Նրա մարդկային ու նյութական միջոցներն ավելի շատ են, կամ միգուցե նրանց պետք չեն այդպիսի միջոցներ, քանի որ նրանք հարձակողական մարտավարություն են վարում»,- շեշտում է ազատամարտիկը:
Պաշտպանության վրա ծախսվում է երկրի բյուջեի մեծ մասը, եւ, ըստ բանախոսի, այդպես էլ պետք է լինի, բայց այդ միջոցները կարելի է ավելի արդյունավետ ծախսել' նպատակային: Իսկ թե ինչո՞ւ նպատակային չեն ծախսվում, Վովա Վարդանովն իր մեկնաբանությունն ունի' բանակում առկա պահպանողականությունը ոչ միայն այն պատճառով է, որ մարդիկ վախենում են ազատվել զբաղեցրած պաշտոններից, այլեւ հարմար է այնքանով, որ այնտեղ կարողանում են գործել փող աշխատելու հին սխեմաները: