կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 19:16
Տնտեսական

2014 թվականն ավիափոխադրումների ոլորտում լինելու է լրջագույն փոփոխությունների տարի. վարչապետ

2014 թվականն  ավիափոխադրումների ոլորտում լինելու է լրջագույն փոփոխությունների տարի. վարչապետ

Կառավարությունն այսօր հաստատեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը եւ ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Դա, ինչպես ասաց նախագիծը ներկայացնող` էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, նախատեսում է զբոսաշրջիկների թվի, ինչպես նաեւ հյուրանոցային ծառայությունների ավելացում:

 

«Մեր գնահատականներով' 2014 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կհասնի շուրջ 100 հազարի, հյուրանոցներում սենյակների թիվը կարող է ավելանալ մինչեւ 1000 համար»,- ներկայացրեց նախարարը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե այս տարի տուրիզմի ոլորտում ինչպիսի՞ աճ կա, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ իրենց գնահատականներով` կունենանք զբոսաշրջիկների` մոտ 12.5 տոկոս  աճ, իսկ հյուրանոցների առումով` մոտ 750 հյուրանոցային համար է ավելացել 2013 թվականին:

 

Վարչապետը հետաքրքրվեց նաեւ, թե 2 օր առաջ Մոսկվայում ստորագրված «Ազատ երկնքի» պայմանագիրն ինչ է տալու: Նախարարը նշեց. «Հիմնական ծրագիրը նախատեսված էր, որ մենք կարողանանք ՀՀ կառավարության կողմից որդեգրված «Ազատ երկնքի» քաղաքականությանը նպաստող զբոսաշրջային քաղաքականություն վարել: Ընդհանուր առմամբ, հիմնական խնդիրը լինելու է օդային չվերթերի գների զսպումն ու նաեւ իջեցումը, որը հանգեցնելու է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Այնուհանդերձ, այս երկու ծրագրերն իրար հետ շատ կապված են, եւ զբոսաշրջության տեսանկյունից ջանքեր պետք է գործադրել, որպեսզի մենք նաեւ ունենանք բարենպաստ միջավայր»:

 

Նախարար Ավանեսյանը ասաց նաեւ, թե այս տարի նկատվել է ավիատոմսերի գների նվազում, եւ կարելի է ասել, որ կառավարության բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես նաեւ ավիացիոն քաղաքականությունը, որն իրականացնում է ավիացիայի գլխավոր վարչությունը, նպաստում են, որպեսզի գները զսպվեն ու ավելին' նաեւ իջեցվեն:

 

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ 2014 թվականը ավիափոխադրումների ոլորտում լինելու է լրջագույն փոփոխությունների տարի:

 

«Նոր ավիաընկերություններ են հայտնվելու, գներն են նվազելու: Արդեն մի քանի այդպիսի հայտարարություններ մենք լսեցինք' խոշորագույն ավիաընկերություններ 2014-ին չվերթեր են կազմակերպելու «Զվարթնոց» օդանավակայան, եւ բնականաբար, նաեւ գները կնվազեն, սպասարկման որակն էլ կբարձրանա, որը տուրիզմի համար ստեղծում է լավ նախադրյալներ»,- ասաց վարչապետը: