կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-23 11:55
Հասարակություն

Դժգոհության մեծ ալիք է սպասվում

Դժգոհության մեծ ալիք է սպասվում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները դիմելու են Սահմանադրական դատարան` կուտակային կեսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքը  վիճարկելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին օրենքի դեմ պայքարող  ակտիվիստները:

Նրանք թվեցին օրենքում առկա այն բոլոր դրույթները, որոնք հակասում են Սահմանադրությանը: «Սահմանադրությամբ ասվում է, որ ցանկացած բարեփոխում պետք է ուղղված լինի մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, բայց այս կուտակային համակարգն ազդում է նաև քիչ վարձատրվողների վրա` այդ կերպ նպաստելով նրանց սոցիալական վիճակի վատթարացմանը»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ իրենց ներկայացրած դիմումի վերաբերյալ կառավարությունից դեռևս պատասխան չեն ստացել:

 

Ակտիվիստները նաև մտավախություն հայտնեցին, որ իրականում կուտակվող գումարը հինգ տոկոս չի մնա, այլ գնալով կավելանա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե այս օրենքով վարչապետ նպատակ ունի բարձրացնել հասարակության ֆինանսական գիտակցությունը, նախաձեռնության անդամներից մեկը արձագանքեց. «Պետք է մարդկանց դա սովորեցնել, բայց դա պետք է արվի այն երկրներում, որտեղ սոցիալական դրությունը լավ է»: Իսկ Հայկ Ավետիսյանը հավելեց. «Եթե ուզում են նման բան սովորեցնել, թող դասընթացներ կազմակերպեն` մարդիկ գնան, սովորեն»:

 

Ակտիվիստներից Հարություն Աղլամալյան էլ նշեց, որ սխալ է այս օրենքը համեմատել ԱՊՊԱ-ի հետ: «Մեզ ասում են` տեսեք ԱՊՊԱ-ն պարտադրեցինք մարդկանց, այն արդարացրեց իրեն, բայց եթե վթարների ժամանակ ապահովագրական ընկերությունը վճարում է տուժող կողմին, ապա այս օրենքով տուժող կողմը քաղաքացին է, ում ոչ ոք վարձահատույց չի լինում»,- ասաց նա:

 

Ակտիվիստների խոսքով` երբ օրենքն ընդունվի, և մարդիկ հասկանան, որ քիչ են աշխատավարձ ստանում, դժգոհության մեծ ալիք կբարձրանա: «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և հասնելու ենք նրան, որ օրենքը չգործի»,- հավաստիացրեցին նրանք: