կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 18:35
Առանց Կատեգորիա

Արա Աբրահամյանը` Պուտինի այցերի կազմակերպիչ

Արա Աբրահամյանը` Պուտինի այցերի կազմակերպիչ

Տեւական ժամանակ է` հայաստանյան ԶԼՄ-ները գրում են, թե ուր որ է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Արդեն քանի տարի է` Պուտինը գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Հիմա էլ ասում են, թե Պուտինը դեկտեմբերին է ժամանելու: Մի օր գրում են, թե Պուտինի «ախռանան» է արդեն Հայաստանում, մի օր էլ, թե` Վլադիմիրովիչի այցից մեկ օր առաջ ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող զրահապատ սեւ «Մերսեդեսը»: Խոսում են նաեւ, թե Պուտինից առաջ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանի մոտ 5 հարյուր գործարար: Պուտինի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին մեր նախագահի նստավայրը համառորեն լռում է:

 

Երեկ, սակայն, Yerkir.am-ի հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նման այցի մասին դեռ խոսք չի գնում, և որևէ հստակ տեղեկություն դեռ չկա: «Դժվար է ասել՝ ինչ կլինի դեկտեմբերին, առջևում դեռ նոյեմբեր կա»,- նրբորեն ակնարկել էին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:

 

ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխանից շատ չանցած` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շտապել է հայտարարել, որ Պուտինը Հայաստան գալու է: Ավելին` news.am-ի հետ զրույցում նա հստակ ժամկետ է նշել` դեկտեմբերի 2: Պարզվում է, ըստ Արա Աբրահամյանի, Պուտինը Հայաստան կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եւ այդ օրերին կկազմակերպվի բիզնես-համաժողով:

 

Պուտինը Հայաստան, իհարկե, կգա... Մի օր անպայման կգա: Երկու անգամ արդեն եկել է, երրորդ անգամ էլ կգա, ի՞նչ է եղել որ... Բայց ինչո՞ւ են այսպես իրար խառնվել հայկական ԶԼՄ-ները, ինչո՞ւ է Արա Աբրահամյանը «ավետում» Պուտինի այցը: Հասկանալի է, որ նա այս կերպ, հավանաբար, ուզում է ինչ-որ մեկին հասկացնել, թե հոգ չէ` ինչ է ասում Պուտինի մամուլի ծառայությունը, մեկ է` ասել եմ`  Պուտինին կբերեմ, ուրեմն` կբերեմ, բայց, մյուս կողմից ,նա իր այս պահվածքով կարող է մյուս կողմի զայրույթը հարուցել: Ասում են` «մեծերը» չեն սիրում, երբ իրենց գործողությունների եւ քայլերի մասին առաջ ընկնելով ուրիշներն են հայտարարում...

 

Հ.Գ. Վերջերս Աբրահամյանը հայտարարել էր, թե զայրացած է Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարարողությանը ՌԴ նախագահի բացակայությունից: Հիմա` ի՞նչ, կարո՞ղ է Պուտինն էլ զայրանա Աբրահամյանի կանխավ արած հայտարարությունների վրա, «ինադ ընկնի» ու Հայաստան չգա: Ի դեպ, այսօր ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից ասացին, որ չեն կարող մեկնաբանել Աբրահամյանի հայտարարությունը: Ամեն դեպքում հայտնեցին, որ նման տեղեկության չեն տիրապետում: Մեզ առաջարկեցին ստուգել տվյալ ինֆորմացիան ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Այս պահի դրությամբ՝ կայքում նման տեղեկություն չկա:

 

Բ. Գասպարյան