Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մուսուլմանացած հայեր» խորհրդաժողովում ներկայացված` հայ կնոջ ողբերգական պատմությունը, թե ինչպես հայազգի Սառան ստիպողաբար ամուսնացավ իր ծնողներին սպանած թուրքի հետ, հուզեց միջոցառման մասնակիցներին:
Taraf.com-ը հայտնում է, որ պատմողն ակադեմիկոս Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն է, և նա ասել է.«Այս պատմության վատ մարդիկ իմ ընտանիքն են եղել: Տուժողի` «ես տուժել եմ» խոսքը ճիշտ չէ: Հանցագործի` «ես հանցագործ եմ» ասելը միայն կքավի նրա անցյալը»:
Ահա Սառայի ողբերգական պատմությունը: Սառան այն ժամանակ 15 տարեկան է եղել, ապրել Ուրֆայի հայկական գյուղերից մեկում: Էյուփ աղան` Սառայի ապագա ամուսինը, գյուղի կարկառուն դեմքերից էր, նշանակվել էր` գյուղի հայությանը թալանելու և տեղահան անելու համար: Մի օր Սառայենց գյուղը թալանեցին: Թալանողների մեջ էր նաև Էյուփ աղան: Գյուղի հայ տղամարդկանց հավաքեցին, տարան: Մոտ մեկ ամիս անց Սառան գետի ափին լվացք անելիս կտրված թև տեսավ, մոտեցավ և թևի ժամացույցից հասկացավ`հորեղբայրն էր: Եվ երբ շունը հափշտակեց թևն ու վազեց, Սառան հետևեց շանը ու հասավ մի քարանձավի` սարսափազդու տեսարանով. գյուղի բոլոր տղամարդիկ սպանված էին, ու շները հոշոտել էին նրանց դիակները:
Ողջ մնացած գյուղացիները որոշեցին լքել գյուղը, բայց Էյուփ աղան նրանց էլ բռնեց, փակեց մառանում և օրերով առանց ջրի պահեց: Տեսնելով Սառայի գեղեցկությունը` «սիրահարվեց»: Երկու կին ունեցող Էյուփ աղան Սառային ամուսնության առաջարկ արեց, և երբ Սառան մերժեց, սպառնաց սպանել ծնողներին: Այդպես էլ արեց: Սակայն երբ հերթը հասավ Սառայի եղբորը, Սառան համաձայնեց ամուսնանալ երկու պայմանով` չսպանել եղբորն ու չփոխել իր` Սառա անունը...Չէ որ այդ անունն իր հայրն էր տվել...
Էյուփ աղան համաձայնեց: Ամուսնությունից մեկ տարի անց սպանվեց Սառայի եղբայրը: Սառան դաժան կտտանքների էր ենթարկվում ամուսնու կողմից: Մարդիկ չէին հավատում, որ նա մուսուլմանություն է ընդունել: Էյուփ աղան, ով տասնյակ հայերի էր սպանել, նույն դաշույնով Սառայի մարմնի վրա խաչեր էր անում, բռնի ուժով տիրանում նրան: Սառան 15 երեխա ունեցավ, սակայն բոլորն էլ նույն ձևով մահացան: Պատմում են, որ կա'մ ինքը` Սառան, կա'մ էլ աղայի հարեմում են սպանել նրանց:
Էյուփ աղայի մահից հետո Սառան ամբողջ ունեցվածքը բաժանեց գյուղի կարիքավորներին: Նրա մահը նույնպես ողբերգական եղավ: Մարդիկ երբեք չհավատացին, որ նա մուսուլման է և մի օր նրան ստիպեցին նամազ անել: Կատարեց և, երբ դուրս եկավ նամազից, դեղնեց` ուղեղում արյունահոսություն էր: Տեղափոխեցին հիվանդանոց, չկարողացան փրկել, մահացավ: