կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-02 12:17
Առանց Կատեգորիա

Թող որ սա դաս լինի մեր ընդդիմադիրներին ու քաղաքական գործիչներին

Թող որ սա դաս լինի մեր ընդդիմադիրներին ու քաղաքական գործիչներին

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով մի քանի ամիս է, ինչ նախաձեռնել է «Անպետքը» ֆիլմի նկարահանման աշխատանքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք այսօր վստահ կարող ենք ասել, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «Անպետք» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը ամբողջությամբ նկարահանվել է ստեղծագործական խմբի և հասարակ մարդկանց միասնական աշխատանքի` ջանք ու եռանդի և իհարկե արված հանգանակությունների շնորհիվ: Այս յուրօինակ նախագիծը արդեն իսկ մի մեծ առաքելություն կատարել է` մի գաղափարի, մի ծրագրի շուրջ հավաքելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և իրար անծանոթ հայերի և ոչ միայն, քանի որ ծրագրին հանգանակել են նաև այլազգի երիտասարդների մի խումբ:

 

Այս նախագիծը առաջին հերթին հենց ինձ և հետո նաև բոլորին ապացուցեց, որ մեր մոտ թյուր կարծիք է ձևավորված մեր ազգի ոչ միասնական լինելու մասին… Ինձ համար, համենայն դեպս, պարզ դարձավ, որ շատ լավ էլ մենք պատրաստ ենք միավորվել և ոչ միայն աշխատել, այլ, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ զոհաբերել մեր վերջին լուման, բարի, ճիշտ ու նպատակային, ազգանպաստ ու մարդասիրական գործի համար: Երկու ամիս առաջ, երբ մենք սկսեցինք, առաջին հայացքից անհնար թվացող այս նախաձեռնությունը, մենք պատկերացում անգամ չունեինք այսպիսի բուռն արձագանքի: Հատկանշական է այն փաստը, որ սփյուռքում ապրող մեր եղբայրներն ու քույրերը հանգանակեցին պահանջվող գումարի կեսից ավելին:

 

Ճիշտ է, քանակային առումով նրանք ավելի քիչ էին, բայց ավելի շատ ոգևորվելով մեր հայաստանաբնակ ժողովրդի միասնականությունից, տեսնելով թե ինչպես են չնչին աշխատավարձ ստացող քաղաքացիները իրենց մի կտոր հացից կտրելով ներդնում այս նախագծին իրենք կրկնապատկում, եռապատկում, որոշ դեպքերում նույնիսկ քառապատկում էին այդ ներդրված գումարները: Ես խոնարհվում եմ բոլոր մասնակիցների առջև, նրանց հավատի, նրանց տեսակի և առաջին հերթին նրանց միասնականության առջև: Խորին շնորհակալությունս բոլորին, նաև նրանց ովքեր չունենալով հնարավորություն` ֆինանսապես օգնելու հոգեպես են աջակցել և շատերը տարածելով ինֆորմացիան իրենց ընկերների, ծանոթների ու բարեկամների շրջանում մարդկանց ներգրավել են այս գործում:

 

Կրկին խոնարհվում եմ մեր ազգի միասնական ուժի առջև, սա ինձ համար մեծ դաս էր և ինձ մոտ վերականգնվեց հավատը, որ մենք ընդունակ ենք միավորվելու` հանուն արդար ու ազգանվեր գործի, թող որ սա դաս լինի նաև մեր ընդդիմադիրներին ու քաղաքական գործիչներին, ում այդպես էլ չի հաջողվում միավորել ժողովրդին: Կարծում եմ` սխալը պետք է փնտրել ոչ թե ժողովրդի այլ հենց առաջարկվող գաղափարի, ծրագրի և, իհարկե, մեր մեջ: Կարծում եմ` ճիշտ, անաչառ, ազնիվ ու անշահախնդիր ծրագրի առաջարկման դեպքում ժոլովուրդը առանց խնդրելու էլ կմիավորվի և 88-ի նման մեկ մարդու պես դուրս կգա պայքարի:

 

Համենայն դեպս, ես հասկացա, որ պետք է շարունակել պայքարել և քաղած դասերը օգտագործել սխալները չկրկնելու` ոչ թե հիասթափվելու, նեղանալու կամ պայքարից հրաժարվելու համար»:

 

Իսկ թե ինչպես են ընթանում ֆիլմի նկարահանման աշխատանքները, կարող եք դիտել տեսանյութում: