կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-19 10:53
Հասարակություն

Երեւան-Մոսկվա չվերթը հետաձգվել է. տեխնիկները փնտրում են օդանավի վնասվածքը

Երեւան-Մոսկվա չվերթը հետաձգվել է. տեխնիկները փնտրում են օդանավի վնասվածքը

Այսօր SHAMSHYAN.com-ը տեղեկություն հրապարակեց, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրենց հետ կապ է հաստատել Գայանե Գալոյանը՝ հայտնելով, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է: Օդանավը, որը պետք է թռիչք կատարեր, ինչպես նշում է կայքը, Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:

 

«Զվարթնոց» օդանավակայանից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ոչ մի լուրջ խնդիր չկա, ոչ մի ինքնաթիռ չի վնասվել: Իսկ թե ինչու է թռիչքը ուշանում, «Զվարթնոցից» պատասխանել չկարողացան` նշելով, որ այդ հարցերի պատասխանը կարող է տալ միայն տվյալ չվերթն իրականացնող ռուսական «Սիբիրավիա» ավիաընկերությունը:

 

«Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված «Սիբիրավիա» ավիաընկերության ներկայացուցիչ Գրիգոր Խաչատրյանն էլ Yerkir.am-ին պարզաբանեց ուշացման մանրամասները:

 

«Կասկած կար, որ ինքնաթիռը տեխնիկական պրոբլեմ է ունեցել ժամանումից հետո. օդանավի հրամանատարը պահանջել է տեխզննում, տեխնիկները եկել են, հիմա ստուգում են` ոչինչ չեն գտնում, ոչ մի խնդիր չեն գտնում, եւ այժմ թռիչքը ձգձգվում է հենց այն պատճառով, որ կասկածը եղել է, բայց ոչինչ չեն գտնում: Ուզում են 100 տոկոսով համոզված լինել, որ խնդիր չկա, ու նոր ուղեւորներին ճանապարհեն»,- իրավիճակը ներկայացրեց Գրիգոր Խաչատրյանը:

 

Ինչ վերաբերում է ուղեւորների սպասարկման եւ նման այլ հարցերին, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ ուղեւորներին սննդով, ում հարկավոր է` հյուրանոցով եւ մնացած անհրաժեշտ պարագաներով ընկերությունն ապահովել է: