| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հասարակություն-բանակ-բուհ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի առաջարկն այսօր հնչեց ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ արդեն ավանդական դարձած հանդիպման ընթացքում:
Նախաձեռնողը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն է, ով նշեց, որ նմանաբնույթ ծրագրերի վերաբերյալ քննարկումներ բազմիցս են եղել:
«Ծրագրի շրջանակներում համալսարանի այն ուսանողները, ովքեր համապատասխան վերապատրաստումներ կանցնեն ռազմական կրթական հաստատություններում, մեկ օր կանցկացնեն առաջին գծում հերթապահություն իրականացնող զինվորի կողքին, ինչը թույլ կտա ծանոթանալ զինվորի առօրյային»,- ասաց Վահագն Վարագյանը և հավելեց, որ ինչպես ԵՊՀ ուսանողական կառույցները (ՈՒԽ, ՈՒԳԸ, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ), այնպես էլ ռեկտոր Արամ Սիմոնյանն աջակցում են ծրագրին: Երկուստեք պատրաստակամություն կա, և ծրագրի մեկնարկի համար պահանջվում է միայն նախարարի հանձնարարականը:
Սեյրան Օհանյանն էլ, ողջունելով առաջարկը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանին, աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանին և Արծրուն Հովհաննիսյանին հանձնարարեց հենց վաղվանից սկսել ծրագրի նախապատրաստական աշխատանքները:
«Այս ծրագիրը, անկասկած, ողջունելի է: Ուսանողները կարող են մեկ օր փոխարինել իրենց դիրքապահ ընկերներին»,- նշեց նախարարը: