«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, մարզչական շտաբը և ֆուտբոլիստները շնորհավորել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու կապակցությամբ:
«Մեր ակումբի սանը կարողացավ անել այն, ինչը մինչ այս չէր հաջողվել ոչ մի հայ ֆուտբոլիստի: Իր տաղանդի, մեծ աշխատասիրության և ֆուտբոլային մտածելակերպի շնորհիվ Հենրիխը, «Փյունիկ» ակումբի փորձառու մարզիչների ղեկավարությամբ, շատ արագ հասավ բարձունքների մեր երկրում և տեղափոխվեց Ուկրաինա, որտեղ, ինչպես և Հայաստանում նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները:
Այսօր «Փյունիկ»-ը հպարտանում է իր սանի նման հաջողությամբ, քանի որ Մխիթարյանը կլինի առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Բունդեսլիգայում, հանդես կգա գերմանական լավագույն թիմերից մեկում`Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ, մենք հավատում ենք. որ «Փյունիկ» ակումբի սաներից դեռ շատերը կխաղան բարձրակարգ ֆուտբոլ՝ եվրոպական լավագույն առաջնություններում: Մխիթարյանի հարթած ուղին պետք է շարունակություն ունենա»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում: