Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ yerkir.am-ին որոշ մանրամասներ ներկայացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նրա ներկայացմամբ` առավոտյան Բեյրութի հարավային արվարձանում, որը շիա մահմեդականներով բնակեցված շրջան է, պայթել է ականապատված մեքենա:
«Հակառակ պայթյունի հզորությանը` հետեւանքները համեմատաբար ավելի թեթեւ էին, այն առումով, որ զոհեր չեն արձանագրվել, բայց այս պահին 38 վիրավոր տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանց մեջ հայեր չկան, քանի որ հարավային արվարձանները հայկական թաղամասերից հեռու են: Վիրավորների մի զգալի մասն էլ թեթեւ վիրավորներ են, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: Նրանք Կարմիր խաչի օգնությամբ փոխադրվել են տարբեր հիվանդանոցներ եւ ստանում են բուժօգնություն: Հսկայական նյութական վնաս է հասցվել մարդկանց. նրանց բնակարաններն են վնասվել եւ այլն»,- ասաց Շահան Գանտահարյանը:
Նա ներկայացրեց նաեւ Լիբանանում տիրող քաղաքական ու հասարակական իրավիճակը` նշելով, որ ծայրահեղ իսլամական խմբակցությունների ու բանակային ստորաբաժանումների միջեւ եղած բախումներից հետո համեմատաբար ավելի հանգիստ է, նոր բախումներ չեն արձանագրվում:
«Մեկ-մեկ` սահմանափակ, միջադեպեր լինում են, բայց համատարած բռնկվածություն, բարեբախտաբար, չկա: Սակայն քաղաքական անորոշություն եւ լարված իրավիճակ է, որովհետեւ նոր կառավարության կազմավորում, փաստորեն, չի եղել. կառավարություն չի ձեւավորվում, եւ հին կառավարության նախարարները, որի վարչապետը մի քանի ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել, շարունակում են իրենց աշխատանքները»,- հայտնեց «Ազդակի» խմբագիրը:
Շ. Գանտահարյանը նշեց, որ որոշակի առումով անհեռանկար իրավիճակ է` առկա է որոշակի լարվածություն, որը, սակայն, ավելի շատ ներիսլամական է` շիաների եւ սուննիների միջեւ: Եվ դա, նշեց մեր զրուցակիցը, միայն լիբանանյան երեւույթ չէ, տարածաշրջանային է: