Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի գերմանացի հանրահայտ կինոռեժիսոր եւ դերասանուհի Մարգարեթե ֆոն Թրոթայի «Հաննա Արենդտ» ֆիլմը:
Լրագրողների հետ հանդիպմա ժամանակ Թրոթան նշեց, որ ֆիլմը հրեական ծագումով գերմանացի քաղաքական փիլիսոփա Հաննա Արենդթի մասին է:
Ըստ նրա` 1980-ականներին, երբ Հայաստանում ցուցադրվում էին իր ֆիլմերը, իրենք համարվում էին երիտասարդ սերունդ, իսկ հիմա ամենատարեց կինոգործիչների շարքում են հայտնվել, ինչը, ըստ Թրոթայի, ամենեւին էլ չի նշանակում, թե ներքուստ նույնպես իրենց տարեց են զգում:
«Ամեն անգամ, երբ ծիրան եմ ուտում, հիշում եմ կինոփառատոնը, որի մասին լսել եմ դեռ տասը տարի առաջ: «Ոսկե ծիրանի» բացումն ինձ հիշեցրեց իմ մուտքը կինոաշխարհ, հենց այդ ժամանակ էլ ես տեսա «Կրակիր դաշնակահարին»` Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմը, որը շատ սիրեցի: Իմ առաջին ֆիլմը 1977-ին եմ նկարահանել, եւ պետք է նշեմ, որ ես կինոյի ոչ մի դպրոց չեմ անցել»,- ասաց Թրոթան եւ հավելեց, որ կրթություն չունենալու պատճառը հնարավորություն չունենալն էր. «Ես ուղղակի շատ ֆիլմեր էի դիտում, քանի որ այն ժամանակ հնարավորություն կար, մեկ տոմս գնելով, մի քանի ֆիլմ դիտելու»:
Նա նշեց նաեւ, որ դերասանուհի դառնալը միջոց էր` ռեժիսորի մասնագիտություն ձեռք բերելու համար:
Թրոթան հավաստիացնում է, որ երբ նկարել է իր առաջին ֆիլմը, դրանից հետո ընդամենը մեկ անգամ է հանդես եկել որպես դերասանուհի. «1960-ականներին, երբ ես ոգեշնչված էի կինոյով, չէի էլ կարող պատկերացնել, որ կարող էի կինոռեժիսոր դառնալ: Շատ դժվար էր ինձ համար, քանի որ այդ ժամանակ Գերմանիայում կին ռեժիսոր չկար. ի սկզբանե իմ ցանկությունը ռեժիսոր դառնալն էր»: Ըստ նրա` իր նկարահանած ֆիլմերում նույնպես իրեն որպես դերակատար չի տեսնում:
Թրոթան նշեց, որ առաջիկայում պատրաստվում է նկարահանել ֆիլմը, որը շատ անձնական պատմություն է ներկայացնելու: Ֆիլմը, ռեժիսորի հավաստմամբ, երկու քույրերի մասին է լինելու եւ տարբերվելու նախկին իր ֆիլմերից. «Չեմ ուզում դառնալ ռեժիսոր, որը միշտ պատմական թեմաներով է ֆիլմեր նկարահանում: Անցյալում եւս ֆիլմեր նկարահանել եմ քույրերի, ընկերուհիների մասին եւ հիմա նորից վերադառնում եմ այդ թեմաներին: Ես ֆեմինիստ եմ եղել եւ եմ, բայց դա չի նշանակում, որ ուզում եմ տղամարդկանց սպանել»:
Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Թրոթայի «Հաննա Արենդտ» ֆիլմը եւ ռեժիսորը խնդրում է չուշանալ, քանի որ իր կարծիքով, առաջին կադրից է սկսվում ֆիլմը, եւ առաջին կադրը ճանապարհ է բացում ֆիլմի համար: Թրոթան առաջին անգամ է Հայաստանում, եւ նրա կարծիքով` Գերմանիայում կյանքի նկատմամբ ուրախությունն այնպես չեն վայելում, ինչպես այստեղ, թեեւ Գերմանիայում մարդիկ ավելի լավ են ապրում: