կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 13:30
Իրավական

ԵՊՀ-ի ավագ հաշվապահները խոշոր յուրացումներ են կատարել

ԵՊՀ-ի ավագ հաշվապահները խոշոր յուրացումներ են կատարել

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:



Երևանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ: 



Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:



Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:



Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: