կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 13:50
Մշակույթ

Մայր Աթոռը 2 նոր գիրք է լույս ընծայել

Մայր Աթոռը 2 նոր գիրք է լույս ընծայել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել 19-րդ դարի 2-րդ կեսի ռուս կրոնական փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք զրույց» և հարավսլավացի ուղղափառ աստվածաբան Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատությունները:

 

Վլադիմիր Սոլովյովի «Երեք զրույց» գրքի հայերեն թարգմանությունը տարիներ առաջ ստանձնել էր Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչությունը (2004-2008թթ.): Այս հրատարակության նպատակը հայ կրոնափիլիսոփայական գիտելիքի հարստացմանը նպաստելը և ընթերցողին հայոց լեզվով նոր ու տարաբնույթ մասնագիտական գիտելիքի տրամադրումն է:

 

Երկը, որը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար, ձգտում է աստվածարդարացման (թեոդիցիայի) ճանապարհով բացատրել անանցական ճշմարտությունները` այլափոխված ու աղճատված աշխարհայինի անցականի մեջ, որտեղ խառնված են չարն ու բարին, լույսն ու խավարը, որտեղ դժվար է ճշմարտությունը զատորոշել կեղծիքից: Աստվածարդարացման սոլովյովյան տեսությունը ջանում է ներկա աշխարհի մեջ աստվածայինը տարանջատել աշխարհային կեղծիքով քողարկված աստվածադատ իրականությունից: Աշխատությունը տպագրվել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանի մեկենասությամբ:  

 

Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատության հայերեն թարգմանությունը կատարել է Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Գիրքը մի նոր ներդրում է հայ ընթերցող հասարակությանը ծանոթացնելու ժամանակակից աստվածաբանական-մեկնողական մտքի հարուստ գանձարանին: Ընթերցողը աշխատության մեջ կարող է գտնել ավետարանական շատ հարցերի պատասխաններ, նորովի կսկսի ընկալել ու ընթերցել Ավետարանը: Աշխատությունը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: