կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 18:05
Իրավական

Բժիշկը սխալ տեղեկություն է հայտնել Ավանի հոգեբուժարան տեղափոխված կնոջ մասին

Բժիշկը սխալ տեղեկություն է հայտնել Ավանի հոգեբուժարան տեղափոխված կնոջ մասին

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կրկին այցելեցին Ավանի հոգեբուժարանում գտնվող` Կոմիտասի 56 շենքի 115 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին: Այս մասին հաղորդում է ՄԻՊ-ի գրասենյակը:



Առաջին այցելության ժամանակ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հնարավորություն չէին ունեցել զրուցելու տիկին Ամալյայի հետ, քանի որ նա եղել է քնաբեր դեղերի ազդեցության տակ: Միայն ծանոթացել են փաստաթղթերին, գրանցումներին, մասնավորապես` թե որքանով են դրանք համապատասխանում օրենքին: Գրանցամատյանը ցույց տալիս հոգեբուժարանի հերթապահ բժիշկ Գագիկ Թադևոսյանը հայտնել է, որ Ամալյա Նազարեթյանը երկրորդ անգամ է հաշվառված իրենց մոտ:



Երկրորդ այցելության ժամանակ արդեն հոգեբուժարանի համապատասխան բաժանմունքի վարիչը հայտնել է, որ Գ. Թադևոսյանի հայտնած տեղեկությունը սխալմունք է եղել որ Ամալյա Նազարեթյանը նախկինում երբևէ հաշվառված չի եղել հոգեբուժարանում, ավելին` որևէ առնչություն չի ունեցել այդ հաստատության հետ:

 

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրավասու չէ հաստատել կամ ժխտել տիկնոջ հոգեկան վիճակի մասին տեղեկությունները կամ որևէ ախտորոշում տալ դրանց, պարզապես փոխանցել է հոգեբուժարանի բժշկի տրամադրած ոչ ճիշտ տվյալները, որի համար ներողություն է խնդրում տիկին Ամալյայից: 



Երեկ, այցելության ժամանակ Ա. Նազարեթյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում է փոխանցել, որում նշել է, որ իրեն խաբեությամբ են տարել հոգեբուժարան: Նա նշել է նաև, որ առաջին մի քանի օրը նրան շատ վատ են վերաբերվել, սակայն իր անձի շուրջ բարձրացված աղմուկից հետո կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը իր հանդեպ:



Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում կինը ցուցաբերել է նորմալ, համարժեք պահվածք, նրա կողմից որևէ ագրեսիվ վարքագիծ կամ տարօրինակություններ չեն նկատվել, ավելին` բոլոր հարցերին արձագանքել է և լիարժեք պատասխաններ տվել: Նրա բուժող բժիշկը կնոջ նման վիճակը վերագրել է այս օրերին ստացած ստացիոնար բուժմանը: 



Ամալյա Նազարեթյանը հայտնել է, որ հոգեբուժարանից դուրս գալուն պես պատրաստվում է վերականգնել իր խախտված իրավունքները և դրա համար դիմել բոլոր պատասխանատու մարմիններին: 



Միաժամանակ, Ա. Նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելու պատճառները պարզելու համար Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները այցելել են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:



Տեղեկացնենք, որ քանի որ Ավանի հոգեբուժարանի բժիշկների տրամադրած տվյալներում եղել են ոչ ստույգ տվյալներ, և հնարավոր է լինեն այլ անճշտություններ ևս, Պաշտպանի աշխատակազմը հետևողական է լինելու և մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու այս հարցը: Անհրաժեշտության դեպքում համապատասխան հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հնարավոր է ստեղծվի հատուկ մասնագետներից բաղկացած հանձնաժողով , որը ևս մեկ անգամ քննության կառնի Ամալյա Նազարեթյանի հոգեկան առողջության վիճակը: