Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2012թ. Պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի փոխարեն ներկայացել էր փոխմարզպետ Արա Դոլունցը, ինչը չվրիպեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աչքից: Նա նշեց, որ Սյունիքի մարզպետը երկրորդ պաշտոնյան է, ով այս էլ երկրորդ անգամ բոյկոտում է բյուջեի կատարողականը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի եկել Սուրեն Խաչատրայնը:
Նա փոխմարզպետից հետաքրքվեց նաեւ Սյունիքի մարզպետի` Երեւանում կառուցվող հսկայական տան մասին, որի մասին տեսանյութ է հայտնվել համացանցում: Փաշինյանը հարցրեց նաեւ արոտավայրերի մասին` ի՞նչ էին ուզում անել, եւ հիմա ի՞նչ վիճակ է:
Փոխմարզպետը նախ վստահեցրեց, որ Սյունիքի մարզպետը բյուջեի կատարողականի քննարկումները բոյկոտելու ցանկություն բացարձակապես չուներ, պարզապես հարգելի պատճառով բացակայում է` միջազգային պատվիրակություն է ընդունել: Ուշագրավ է, որ երբ վերջում փոխմարզպետից հետաքրքրվեցին, թե խոսքն ինչ միջազգային պատվիրակության մասին է, նա շփոթված հայտարարեց, որ տեղյակ չէ:
Խոսելով արոտավայրերի մասին` Դոլունցը նշեց, որ ստորագրված փաստաթղթերն իրավական պարտավորվածություն չենթադրող փաստաթղթեր էին, եւ որ խնդիրն ավելի շատ բարձրացվեց, քան իրականում կար: Սյունիքի մարզպետի նոր տան մասին փոխմարզպետը տեղյակ չէր:
«Սուրեն Խաչատրյանն այստեղ չէ, որ պարզեինք` այդ առանձնատան շինարարությունը բյուջեի կատարողականի հետ կապ ունի՞, թե՞ ոչ, որովհետեւ մարդիկ, երբ նայում են առանձնատան այդ կադրերը, ուղիղ մտածում են բյուջեի կատարողականի մասին»,- հայտարարեց Փաշինյանը: