կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-24 11:36
Հասարակություն

Գարեգին Բ-ն շնորհավորել է շրջանավարտներին

Գարեգին Բ-ն շնորհավորել է շրջանավարտներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտների օրհնության օրվա առթիվ: Շնորհավորանքում ասվում է.

 

«Լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում եւ մեր օրհնությունն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին «Վերջին զանգի» տօնական առիթով: Սիրելի' շրջանավարտներ, Ավարտելով ուսումնառության շրջանը` դուք այսօր Տիրոջ կամքով կյանքի մի նոր հանգրվանի եք հասել: Ձեր առջեւ բացվում են լայն ճանապարհներ, որոնցով դուք` երիտասարդներդ պիտի ընթանաք դեպի իրագործումը նվիրական Ձեր իղձերի ու երազանքների:

 

Նոր հաջողությունների ու ձեռքբերումների ճանապարհներին ձեր առջեւ հառնելու են նաեւ նոր խնդիրներ, գուցեեւ` դժուարություններ: Ահա թե ինչու բոլոր այդ ճանապարհների համար սաղմոսերգուն պատվիրում է Տիրոջ խոսքով առաջնորդվել. «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խօսքերը պահելով» (Սաղմոս 118:9): Մեր աղոթքն է, որ Ամենակարող Տերը զորացնի Ձեզ հավատքով եւ իմաստությամբ շնորհազարդի` գտնելու կյանքի ճշմարիտ ճանապարհները, լինելու ազնիվ զավակներն ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Մաղթում ենք ձեզ բարի եւ լուսավոր ապագա, արդար ու քաջարի գործեր:

 

Հայրապետական մեր սերն ու գնահատանքն ենք բերում նաեւ կրթության ոլորտի երախտավոր մշակներին եւ ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր ժողովրդի զավակներին կրթելու եւ բարձր արժանիքներով դաստիարակելու համար: Տիրոջ շնորհները, սերը եւ աստվածային սրբարար զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր եւ միշտ. Ամեն»: