Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ
«Օղակ» ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլև՝ հետևանքներով։
Ադրբեջանական իշխանությունների և ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր համաձայնությամբ իրականացված «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների երկու տասնյակից ավելի գյուղեր։ Այն դադարեցվեց միայն մեկ ամիս անց՝ մայիսին, ԽՍՀՄ ներսում և նրա սահմաններից դուրս ստացած լայն արձագանքի և դատապարտման շնորհիվ։ Սակայն, պատերազմի թափանիվն արդեն գործի էր դրվել։ Գործողությունը, որն առանձնանում էր դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ սկիզբ դնելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։
Այնուհանդերձ, Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ճնշել նրա ինքնորոշման օրինական ձգտումը։ Ավելին, «Օղակ» գործողությունը ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը պայքարել իր իրավունքների և ազատությունների համար