կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 14:59
Քաղաքական

Կարելի է քննադատել եւ մասնակցել Սարգսյանի երդման արարողությանը. Օսկանյան

Կարելի է քննադատել եւ մասնակցել Սարգսյանի երդման արարողությանը. Օսկանյան

ԱԺ ավանդական ճեպազրույցում Yerkir.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հակասություն չի առաջանում, երբ ԲՀԿ-ականների մի մասը քննադատում է իշխանություններին, իսկ մի մասն էլ մասնակցում Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, նաեւ հայտարարում, որ ընդունում են նախագահական ընտրությունների արդյունքները: Օսկանյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ, թե արդյո՞ք տեղին էր ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնող Գուրգեն Արսենյանի եւ Աբրահամ Մանուկյանի մասնակցությունը Սերժ Սարգսյանի երդման արարողությանը:

 

«Մասնակցությունն ու քննադատությունը իրար հետ կապ չունեն: Կարելի է քննադատել եւ մասնակցել երդման արարողությանը: Ընդդիմության ամբողջ իմաստն այն է, որ դու, ընդդիմադիր լինելով, կարողանաս իշխանությունների հետ աշխատել, խոսել: Այն ընդդիմությունը, որ իշխանության հետ չի կարողանում խոսել, արդյունավետ չի կարող լինել: Մեր երկրում, դժբախտաբար, ընդդիմության սահմանումը մի քիչ այլ է, դա պետք է փոխվի»,- ի պատասխան մեր հարցի հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Նա նշեց, որ Արսենյանի եւ Մանուկյանի մասնակցությունը Սերժ Սարգսյանի երդման արարողությանը նրանց անձնական որոշումն էր, ինքը մեկնաբանել չի ցանկանում: Հարցին, թե` ինչո՞ւ Դուք չմասնակցեցիք, Օսկանյանը պատասխանեց. «Ես այդպես որոշեցի»:

 

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ընդունո՞ւմ է, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, Օսկանյանը հայտարարեց, որ այլընտրանք չկա: «Կյանքը շարունակվում է: Պետք է աշխատել իշխանությունների հետ, երկրի առջեւ խնդիրներ կան: Մենք երկրորդ ուժն ենք խորհրդարանում եւ պետք է ներգրավված լինենք: Կյանքը շարունակվում է»,- նշեց նա:

 

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ եթե ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը, դա արդեն իսկ ենթադրում է, որ է նա է ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն: Չնայած սրան` ԲՀԿական պատգամավորը չբացառեց, որ ընթացքում կարող են փոփոխություններ լինել: