կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 18:14
Արցախ

''Թալիշստանի ձայնը'' հնչում է Արցախից

''Թալիշստանի ձայնը'' հնչում է Արցախից

Մարտի 20-ից Արցախի տարածքից իր հաղորդումներն է հեռարձակում «Թալիշստանի ձայնը» ռադիոկայանը. այսօր լրագրողներին հայտնել են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ղեկավար, իրանագետ Գառնիկ Ասատրյանը եւ եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 

Ըստ Պապյանի` ռադիոկայանի բացումը Իրանագիտության կովկասյան կենտրոնի եւ «Մոդուս վիվենդի»-ի նախաձեռնությունն է եւ հետապնդում է հումանիտար նպատակներ: Այն կարելի է դիտարկել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

 

Գառնիկ Ասատրյանի խոսքով` Ադրբեջանում բնակվում է մոտ 2 մլն թալիշ, եւ «Թալիշստանի ձայնը», ըստ էության, թալիշերենով հաղորդումներ հեռարձակող առաջին ռադիոկայանն է: Հաղորդումների տեւողությունը 1 ժամ է, 10-15 րոպե տրամադրվում է ադրբեջաներենով նորություններին: Աշխատանքներում ներգրավված են արցախցի մասնագետներ, ուսանողներ, գիտնականներ, նաեւ թալիշների մի խումբ:

 

Արա Պապյանը նշել է, որ Շուշի քաղաքը, որպես ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման վայր, ընտրվել է տեխնիկական պատճառներով, նաեւ` որ Շուշին եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոններից մեկը: Նա հայտարարել է, որ ռադիոկայանը մեծ ընդունելություն է գտել. աշխարհի տարբեր ծայրերից թալիշներն արձագանքում են, օգնում նյութեր հավաքել, ընդ որում դրանք այնքան շատ են, որ դժվար է մեկ ժամանոց հաղորդման մեջ ներառել:

 

Ի դեպ, չնայած ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերին, թե ռադիոկայանը քաղաքական հաղորդումներ է հեռարձակում, մինչ օրս որեւէ քաղաքական նախադասություն չի հնչել, ծրագրերը նվիրված են բացառապես թալիշների մշակույթին, պատմությանը, ազգային երաժշտությանը: Մեղադրանքներ են հնչել նաեւ Իրանի հասցեին, սակայն Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ որեւէ կապ չունի նախաձեռնության հետ:

 

Այս պահին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արցախի եւ Ադրբեջանի սահմանին աշխատում են Ադրբեջանի կապի նախարարության մասնագետները, որոնց նպատակը ռադիոկայանի աշխատանքները խափանելն է: