Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհանիսյանն առանձնացել են «VIP սրահում»` վրանում, Րաֆֆի Հովհաննիսյանը, Աբրահամյանի աչքերին նայելով, ասել է, որ նա միջնորդ կամ սուրհանդակ չի, ինքը նրան որպես այդպիսին չի ճանաչում. Հովիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցից այսօր լրագրողներին մանրամասներ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Շնորհակալ եմ այդ քաղաքավարական քայլի համար, բայց դրանից այն կողմ Դուք դերակատարում չունեք»,- Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է Աբրահամյանին:
Այնուհետեւ նախագահի նախկին թեկնածուն պատմեց, որ դրա հաջորդ օրը Աբրահամյանը զանգել է Արմեն Մարտիրոսյանին ու նրան փոխանցել փակ ծրար, որը Մարտիրոսյանը բերել ու հանձնել է իրեն: Ծրարի վրա, ինչպես ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, գրված է եղել` ԱԺ: Իսկ ծրարում եղել է 2 էջանոց փաստաթուղթ, որը, Հովհաննիսյանի կարծիքով, ծաղր է ժողովրդի զարթոնքին:
«Մարտի 16-ն էր, բայց փաստաթուղթը կրում էր մարտի 5-ի ամսաթիվը եւ հուշագիր էր, որ պետք է ստորագրվի Սերժ Սարգսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան կողմերի միջեւ` Սահամանդրական հանձնաժողով ստեղծելու մասին, որը մի երեք տարի հետո պետք է ստեղծվի կամ ինչ-որ գործեր անի: Սա ծաղր է, որ ԱԺ-ում ոչ պաշտոնապես առաջարկվել էր «Ժառանգություն» խմբակցությանը եւ մերժվել մեր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից: ԱԺ-ից ինձ ուղարկում են մի փաստաթուղթ` 12 օրվա վաղեմության, որը մերժվել է, եւ պարոն Սարգսյանը հիմա ասում է, թե մենք պայմանավորվեցինք այն ժամանակ…»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնուհետեւ, պատմեց նա, ինքը «իքս» է դրել այդ էջերի վրա, շրջան գծել մարտի 5-ի թվականի շուրջ, շրջան գծել ԱԺ հասցեի վրա, եւ իր ստորագրած փակ ծրարով ուղարկել Սերժ Սարգսյանին: «Սա իրենց ընտրած խորհրդապահական խողովակն էր, որ երեկ ինքը խախտեց, եւ ես շնորհակալ եմ դրա համար»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ապագային վերաբերող հարցերին` «Ժառանգության» ղեկավարը նշեց, որ քանի որ արդեն ինքն ու Սերժ Սարգսյանը գտնվում են հանրային ու բաց տիրությում, եւ եթե նախագահը հսմարում է, որ Հովհաննիսյանն իրեն «պարտք» է պատասխան փաստաթուղթ, ապա ինքը ուրբաթ օրվա հանրահավաքում կընթերցի այդ բաց փաստաթուղթը:
Իսկ քանի որ ինքն ու Սերժ Սարգսյանն այլեւս խորհրդապահական շրջանից դուրս են եկել, Հովհաննիսյանն ակնկալիք հայտնեց, որ մինչեւ ապիրլի 9-ը ինչ լինի, կլինի բաց ու հրապարակային, եւ լրագրողները կմասնակցեն այդ գործընթացներին, կամ նվազագույնը դրանք պիտի լինեն ուղիղ եթերով: