կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 13:45
Քաղաքական

Վրանի տեղադրումը հետաձգվեց

Վրանի տեղադրումը հետաձգվեց

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչները եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ էին վարում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու հարցով: Ոստիկանությունը թույլ չի տալիս վրան տեղադրել:

 


Բանակցություններից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ ոստիկանությունը չի ընդունում, որ օրենքի շրջանակներում է այս ամենը, նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն է ասում, որ ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողություններ է կատարում:

 


«Որոշ ֆորմալություններ կան, որ պետք է արվեն, եւ մենք մինչեւ ժամը 5-ը կանենք այդ ամենը` կդիմենք Երեւանի քաղաքապետարան, անհրաժեշտության դեպքում` նաեւ մշակույթի նախարարություն եւ  5:00-5:30-ը, անկախ պատասխաններից, կտեղադրենք վրանը»,- հայտարարեց Հակոբյանը:

 


Հովսեփ Խուրշուդյանն էլ հայտարարեց, որ այն, ինչ կատարվում է,  իրավական հարթության հարց չէ, այլ ամենաբարձր  մակարդակում կայացված քաղաքական որոշում: «Այն անձը, որ կայացրել է այս որոշումը, ճիշտ կլինի` փոխի այն, դա իր իսկ շահերից է բխում»,- նշեց նա:

 

Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ, թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում, որ վրան տեղադրվի` ավելորդ լարվածությունից խուսափելու համար, բայց իրենք, միեւնույն է,  վրանը տեղադրելու են՝ այս պահին հաշվի չառնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը: Նա ընդգծեց, որ հիմա էլ կարող են վրան տեղադրել, բայց չեն ցանկանում` ավելորդ լարվածություն, միջադեպեր թույլ չտալու համար: