Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում Սմբատ Լպուտյանն ու Հովհաննես Թոքմաջյանն են, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար ամենեւին էլ տարօրինակ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Երեւանի ավագանու նոր կազմում տեսնում է մտավորականների մի շերտի, որը «կչափի եւ կձեւի լավ գաղափարները»:
Սահակյանը հայտարարեց, որ ինչպես նախագահի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրություններում բոլորին համարում են ուժեղ մրցակիցներ: «Այնպես չէ, որ մենք Աստծո թեւերով եկել ենք եւ հրեշտակապետություն ենք ստեղծելու: Բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են, եւ ես շատ ողջունում եմ, որ ավելի համակարգված են գնում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե հաղթանակի առումով այս անգամ ե՞ւս մտավախություն չունեն, Սահակյանը պատասխանեց, որ բոլոր ուժերն էլ ընտրության գնում են` հաղթանակի մասին մտածելով, հետո ավելացրեց. «Ժամանակից շուտ մենք մատ չենք թափ տալիս: Մենք գնում ենք այն ճանապարհով, որը որդեգրված է մեզ համար, կլինենք մեծամասնություն՝ կգործենք այդպես, կլինենք փոքրամասնություն՝ այդպես կգործենք, այսինքն` մեզ առաջնայինը քաղաքային իշխանությունը չի հետաքրքրում»:
Դիտարկմանն էլ, թե` նախագահական ընտրությունների այն վստահությունն ունե՞ն, որ բոլորը պետք է պայքարեն պատվավոր երկրորդ հորիզոնականի համար, քանի որ հաղթանակն իրենցն է, Սահակյանն արձագանքեց. «Նախ ես նման արտահայտություն չեմ արել, ով արել է` իրեն հարցրեք: Մեր մտավախությունը մի բանում կարող է լինել, որ այնպիսի ուժեր չտնօրինեն Հայաստանում, որոնք այլ կարծիք ունեն մեր ազգային ամբողջական համակարգի նկատմամբ: Մյուս բոլոր դեպքերում մենք որեւէ մտավախություն չունենք: Մենք մրցակիցներ ենք, մրցակցում ենք: Ի՞նչ մտավախություն, այ մտահոգություն ունենք, որ ավելորդ բաներ չարվեն, ավելորդ գրգռվածություն չառաջանա, որ ընտրությունները լինեն մրցակցային»: