կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-07 11:15
Իրավական

Մարդու իրավունքների վիճակը դատախազության և ՀՔԾ ոլորտում` ըստ ՄԻՊ-ի

Մարդու իրավունքների վիճակը դատախազության և ՀՔԾ ոլորտում` ըստ ՄԻՊ-ի

 

Մարդու իրավունքների վիճակը Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

 

Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

Դատախազություն

-Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները:

-Խիստ մտահոգիչ է, որ դեռևս լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:

-Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի չպահպանելու խնդիրը:

-Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման համար:

-Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն:

-Գրանցվել են ՀՀ ոստիկանության ձեր­բա­կալ­ված­ների պահման վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաև կալանավորված անձանց իրավունքների մի շարք խախտումներ` դատախազական ոչ բավարար վերահսկողության հետևանքով:

 

Հատուկ  քննչական ծառայություն

-Ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրել կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունը:

-Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները` կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ:

-Բազմաթիվ դեպքերում տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները: Ավելին, մի շարք դեպքերում վարույթ ընդունվել են արդեն իսկ ժամկետանց գործեր, սակայն որևէ պատասխանատվության միջոց իրավախախտների նկատմամբ չի կիրառվել:

-Արձանագրված մի քանի տասնյակ դեպքերում Ծառայությունը քննության առած գործերը հետագայում ուղարկել է այլ մարմիններ:

 

Արձանագրված դրական զարգացումներ

-Հաճախակի է դարձել դատախազության կողմից հարուցված քրեական գործերի փոխանցումը Ծառայությանը` ինչը նպաստել է այդ գործերի առավել արդյունավետ ուսումնասիրմանը:

-Դատախազության կողմից պատրաստվել են ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

-Նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում աճել է Ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը:

-Դատախազությունը և Ծառայությունը հիմնականում ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: