Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն այս օրերին ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր է արձանագրում: Այս շաբաթվա խախտումների ամփոփագիրն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Համեմատելով նախորդ շաբաթվա ցուցանիշի հետ` նա նշեց, որ ընտրախախտումների թիվն աճել է: Այս անգամ ևս հայտաբերվել է խախտումների մոտ 30 դեպք, որոնցից մի քանիսով իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբում տեղեկություն են ստացել, որ հավաքում են այն մարդկանց տվյալները, ովքեր հայտարարել են, որ չեն գնալու ընտրության:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան-խորհրդատու Կարեն Մեջլումյանը ներկայացրեց խախտումներից մի քանիսը:
Նրա խոսքով` Շիրակի մարզի Ազատան գյուղում ՀՀ գործող նախագահի քարոզչական պաստառները փակցված են եղել ընտրատեղամասի վրա, որն անընդունելի է: Չթույլատրված վայրում պաստառներ են փակցվել նաև Արաբկիր վարչական շրջանում, մասնավորապես` գազի խողովակի վրա:
Բացի նմանատիպ դեպքերից, կան նաև դպրոցներում նախագահի օգտին քարոզչությունների տեսագրություններ, որոնցից հստակ երևում է, թե ինչպես են աշակերտներին հորդորում «ճիշտ ընտրություն» կատարել:
Մեջլումյանի խոսքով` նախորդ ընտրություների համեմատ, այյս անգամ ոստիկանությունը ընտրախախտումների վերաբերյալ ահազանգներին օպերատիվորեն է արձագանքում, ինչը դրական է, սակայն, ըստ նրա, դա բավական չէ, ոստիկանությունն ինքը պետք է քայլեր ձեռնարկի խախտումները բացահայտելու համար, այլ ոչ թե սպասի, թե երբ իրենց կհայտնեն դրանց մասին: