Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ժողովրդի պայքարը ազգային-ազատագրական պայքար է, եւ արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե քաղաքական ինչ կարգավիճակով են ապրելու. «Օգոնյոկ» ամսագրին այսօր տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, եւ որեւէ փաստարկ չկա, թե ինչո՞ւ Արցախի ժողովուրդը չպետք է կարողանա օգտվել այդ իրավունքից: Մնացած բոլոր հարցերը ածանցյալ են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակվել է այն ժամանակ խարխլվող ԽՍՀՄ-ի սահմանադրական բոլոր նորմերին եւ, ընդհանրապես, միջազգային իրավունքին համապատասխան: Ղարաբաղցիների ինքնորոշման խաղաղ կոչերին Ադրբեջանի պատասխանը բռնությունն էր, ջարդերը, պատերազմը:
Եվ այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես մեզ սպառնում է պատերազմով: Այսօր էլ նրանք ազատ են արձակում կացնով սպանող հանցագործին, նրան հունգարական բանտում անցկացրած տարիների համար սպայական աշխատավարձ վճարում: Իսկ նա բանտարկվել էր բուդապեշտյան հանրակացարանում քնած հայ սպային կացնահարելու համար: Հերոսացնում են ու ասում` ահա օրինակ, մենք հազարավոր նմաններին ունենք:
Հայաստանի եւ ամեն հայկականի նկատմամբ ատելությունը պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության լեյտմոտիվն է: Նրանք խոսում են ազգային ատելության, պատերազմի, ուժի կիրառման մասին այնպիսի ջանասիրությամբ, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ արժեքներն են ՄԱԿ-ի կանոնակարգի հիմքում»,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Ադրբեջանը խախտում է նաեւ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը` անընդհատ մեծացնելով իր ռազմական պոտենցիալը:
ՀՀ նախագահի խոսքերով` Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, սակայն վերը նշված պայմաններում որեւէ առաջընթացի հասնելն անիրական է, եւ Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինկսի խումբը շատ լավ հասկանում է, թե ում մեղքով: