կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 19:02
Քաղաքական

Այն, ինչ ասում է Փաշինյանը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է. Հետք

Այն, ինչ ասում է Փաշինյանը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է. Հետք

Այսօր ԱԺ-ում, խոսելով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման և Սյունիքում ադրբեջանակն զինված ուժերի առկայության մասին, Փաշինյանը կրկին վկայակոչել է ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ նշելով, որ խոսքը ՀՀ տարածքների մասին չէ:  

Ներկայացնում ենք Հետք-ի՝ դեռևս ապրիլին հրապարակած հոդվածը, որում հստակ և մանրամասն հակադարձվում են Փաշինյանի պնդումները: 

Պատերազմից հետո, մասնավորապես, Սյունիքի մարզում թշնամու հետ ձեւավորված նոր շփման գիծը, որի հետեւանքով վերջինիս վերահսկողության տակ անցան մինչ այդ ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի որոշ տարածքներ (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաստատված իբրեւ ՀՀ տարածք), վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրդեց շրջանառության մեջ դնել մանիպուլյատիվ եւ նույնիսկ կեղծ թեզ, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

Այս մասին Փաշինյանը հայտարարեց նաեւ ապրիլի 17-ին Վայոց Ձորում եւ ապրիլի 21-ին՝ Սյունիքում:

Վարչապետի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները տիրաժավորվում են նրա կուսակիցների ու թիմի կողմից: Այն, ինչ ասում է Փաշինյանը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է: «Ֆեյք նյուզին» բնորոշ երեւույթ է նաեւ կեղծ լուրի տիրաժավորումը:

Օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին

Սկսենք նրանից, որ երկրի գործադիր ղեկավարը նույն սխալը կրկնում է պարբերաբար, բայց դժվար է ասել՝ դա չիմացությունի՞ց է, թե՞ արվում է միտումնավոր: Խոսքն այն մասին է, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010 թ. («նախկինների»՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում), այլ դեռես 1995 թ. նոյեմբերի 7-ին (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք), իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: Իսկ ահա 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ (Սյունիքում Փաշինյանն այս մասին խոսելիս նշեց 2010 թ. մայիսի 24, ինչը նրա լրատվական թիմը սղագրության մեջ չի ուղղել):

Գուցե սա էական սխալ չէ, քանի որ ներկա իշխանությունը թիրախավորում է հենց 2010-ին արված լրացումները, սակայն փաստն այն է, որ հասարակությանը մատուցվում է ինֆորմացիա, թե 2010-ին ՀՀԿ-ի ու նրա կոալիցիոն գործընկերների վերահսկողության տակ գտնվող ԱԺ-ն ընդունել է մի այնպիսի օրենք, որով, ինչպես Փաշինյանն է ասում, «այդ սահմանները (մասնավորապես՝ Ադրբեջանի հետ – հեղ.) Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է եւ տեղորոշել է»:

Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել:

Սրան կանդրադառնանք ստորեւ, բայց մինչ այդ շեշտենք վարչապետի կողմից մի սխալ եւս: Փաշինյանի եւ նրա թիմի կողմից 2010 թ.-ի շեշտադրումը սխալ է, քանի որ նրանց թիրախավորած լրացումներն առաջին անգամ արվել են 2009-ի հոկտեմբերին, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի անունն առաջին անգամ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում հայտնվել է հենց այդ ժամանակ: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք ներքեւում:   

Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ   

Վերը նշված օրենքը, ինչպես հուշում է դրա անունը, Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ այն ամրագրում կամ նկարագրում է ոչ թե ՀՀ-ի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների/մարզերի միջեւ: Պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերին եւ ուժի մեջ է 2001-ի դեկտեմբերից:

Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով... Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Անկախությունից ի վեր ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի կնքել պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանում Ն. Փաշինյանի արած պնդումը ՀՀ-ի կողմից իր պետական սահմանների որոշման եւ տեղորոշման մասին կեղծ է: Հասկանալի է, որ ՀՀ-ն միայնակ չէր կարող որոշել որեւէ այլ երկրի հետ իր սահմանները, դրա համար միջպետական պայմանագիր է պետք կնքել, որը կոնկրետ Ադրբեջանի պարագայում չի արվել: 

Իսկ ահա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ կարեւոր ենք համարում մեջբերել ՄԻՊ Արման Թաթոյանի պարզաբանումները, որոնք նա արել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ թշնամին GPS-ով եւ ինչ-որ քարտեզներով անարգել առաջանում էր, այդ թվում՝ ՀՀ տարածքում (թշնամու վերահսկողության տակ են անցել տարածքներ, որոնց վերաբերյալ, օրինակ, մեր քաղաքացիներն ունեցել են ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականներ), իսկ գործող իշխանությունն ամենաբարձր մակարդակով կրկնում էր «2010 թ. ընդունված օրենքի» մասին:

Թերեւս, նաեւ ի գիտություն գործող իշխանությունների՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այն ժամանակ շեշտել է.

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երեւույթներ են: Դրանք չի կարելի նույնացնել, ու առավել եւս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները:

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի կարգավորումները վերաբերում են վարչատարածքային միավորների ներքին սահմանագծմանը եւ չեն կարող իրավական հիմք ծառայել այլ պետությունների հետ սահմանների որոշման գործընթացների համար: Այսինքն՝ այս օրենքը պարզապես վերաբերում է Հայաստանի մարզերի կամ համայնքների վարչական սահմանների որոշմանը:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը չի կարող մեկնաբանվել ու առավելեւս վկայակոչվել որպես իրավական հիմք այլ պետության հետ մեր երկրի սահմանների տեղորոշման ու փոփոխության համար: «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը վկայակոչելը հիմնավորելու համար ճիշտ չէ օգտագործել փաստարկ այն մասին, թե այն կիրառելի է օտար պետության հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացում, քանի որ մեր երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս օգտագործված են «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը, կամ խոսք է գնում այդ երկրի հետ սահմանների մասին:

ՀՀ սահմանների որոշման գործընթացում սա առավելագույնը կարող է լինել օժանդակող, երկրորդական նշանակության գործոն: Ադրբեջանի դեպքում առավել եւս մեր երկրի պետական սահմանների որոշման իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ, որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականից:

«Ադրբեջանի Հանրապետություն»՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն. ինչու՞, եւ ի՞նչ կփոխեր դա ՀՀ-ի համար

Ներկա իշխանությունը շեշտադրում է այն փաստը, որ 2010-ին նախորդ իշխանությունները լրացումներ են արել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ Սոթքից (Գեղարքունիք) մինչեւ Արաքս գետ (Սյունիք) ընկած հատվածում սահմանակից համայնքների վարչատարածքային սահմանները ներկայացնելիս նշել են, օրինակ, «Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծ՝ «Ա»-«Բ»»: Իսկ այս սահմանագծի նկարագրությունը տրվել է այսպես՝ ««Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»:

Իրականում, ինչպես վերեւում նկատեցինք, անընդհատ շեշտվող 2010 թվականը հերթական սխալն է, քանի որ ամեն ինչ սկսվել է 2009-ի հոկտեմբերին, երբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում ավելացվել են Վայոց Ձորի մարզի համայնքների սահմանների նկարագրությունները: Քանի որ հարավից մարզը սահմանակից է Նախիջեւանին, այդ մասով օրենքում սահմանների նկարագրության մեջ խնդիր չկա: Իսկ ահա հյուսիսում այն ժամանակ դե ֆակտո Արցախի Շահումյանի շրջանին (Ադրբեջանի եւ միջազգային հանրության տեսանկյունից՝ Քելբաջարի շրջանին) սահմանակից համայնքների (օրինակ՝ Ջերմուկի) նկարագրության մեջ նշվել է, որ տվյալ սահմանագիծը (օրինակ՝ Ջերմուկ-պետական սահման) համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

2010-ի հունիսին էլ օրենքում ավելացվել են Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի համայնքների սահմանների նկարագրությունները: Դե ֆակտո Արցախի Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններին (Ադրբեջանի ու միջազգային հանրության տեսանկյունից՝ Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջաններին) սահմանակից ՀՀ համայնքների սահմանների նկարագրության մեջ օգտագործվել է «Ադրբեջանի Հանրապետություն» ձեւակերպումը:

Հենց սրա վրա հիմնվելով է Փաշինյանը, օրինակ, Վայոց Ձորում ապրիլի 17-ին հայտարարել. «Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները (նկատի ունի վերջին պատերազմի ժամանակ – հեղ.), որովհետեւ անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս: Իսկ թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության սահմանները, այդ նկարագրությունը դեռեւս տրվել է 2010 թ. Հայաստանում ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ուզում եմ, որ այդ նրբությունը դուք հաշվի առնեք՝ 2010 թ. Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է օրենք՝ «Վարչատարածքային բաժանման մասին», որտեղ ընդգծվել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից արեւելք Ադրբեջանի Հանրապետությունն է: 2010 թվականին: Ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է: Արձանագրվել է, որ Կապան քաղաքից արեւելք Ադրբեջանի Հանրապետությունն է, ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է»:

Քաղաքականությունից նվազագույն գիտելիքներ եւ տարրական տրամաբանություն ունեցող մեկը կհարցնի՝ իսկ ի՞նչ կփոխվեր, եթե օրենքում 2009-2010 թթ. Ադրբեջանի փոխարեն գրվեր Արցախի Հանրապետություն: Ռուսաստանի հետ ունեցած անվտանգային մեխանիզմը ՀՀ տարածքից դուրս էր գալու եւ տարածվեր նաեւ Արցախի Հանրապետությա՞ն վրա: Ոչ, իհարկե: Բայց հարթակին բարձրացած Փաշինյանն այս տարրական ճշմարտությունը չի ասում իրեն լսելու եկած հանրությանը: Ինչու՞: Երեւի ձեռք չի տալիս:

Ամեն դեպքում, ինչու՞ է Սերժ Սարգսյանի իշխանությունը Արցախի Հանրապետության հետ սահմանի նկարագրության մեջ կիրառել «Ադրբեջանի Հանրապետություն» տերմինը: Այս հարցին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է հենց Սարգսյանը. «Այն ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, մենք չէինք կարող գրել, մեր օրենքներով պաշտոնական բնույթ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ գոյությանը: Մենք չէինք կարող գրել, որ Հայաստանի Հանրապետության հարեւանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Մենք չէինք կարող այլ կերպ գրել, որովհետեւ դա կենթադրեր մասնակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ ճանաչելը նշանակում էր վերջ տալ բանակցային պրոցեսին, իսկ բանակցային պրոցեսը փակուղի մտցնելը, մենք տեսանք, թե ինչի է բերում՝ պատերազմի»: 

Փաշինյանի քննադատության առարկան ի հայտ է եկել դեռ 2000-ականներին

Վարչապետը չի ասում (գուցե տեղյակ չէ), բայց իրականությունն այն է, որ Գեղարքունիքից, Վայոց Ձորից ու Սյունիքից արեւելք ընկած տարածքները «Ադրբեջանի Հանրապետություն» են համարվել դեռ մինչեւ 2009-2010 թթ. վերոնշյալ օրենքում լրացումներ կատարելը: Եվ դա արել է ՀՀ կառավարությունը: Ինչպե՞ս: Ահա այսպես:

2004-ի դեկտեմբերին (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ԱԺ-ն լրացում է կատարել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում՝ նշելով, որ «մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» (հետագայում այս կետը փոփոխվել է, ու ամրագրվել է, որ սահմանների նկարագրումն ու փոփոխությունը կառավարության առաջարկով սահմանվում են օրենքով, այսինքն՝ ԱԺ-ն է հաստատում): Դրանից հետո կառավարությունն սկսել է ընդունել որոշումներ, որոնցում նկարագրվել են համայնքների սահմանները, այդ թվում՝ նրանց, որոնք սահմանակից էին Արցախի Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններին:

Օրինակ՝ նույն Շուռնուխ գյուղի վարչական սահմանները Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը նկարագրել է դեռ 2006-ի մարտին: Նշվել է, որ Շուռնուխ-Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծն անցնում եւ համընկնում է [Հայաստանի Հանրապետության եւ] Ադրբեջանի Հանրապետության սահմանի հետ:

Բայց ինչպե՞ս է անցնում այդ սահմանագիծը. հասկանալի է, որ այս հարցի պատասխանը կառավարությունը չի տվել եւ իրավունք էլ չուներ տալու: Այդ սահմանը նախ պետք է տեղորոշվեր Հայաստան-Ադրբեջան միջպետական բանակցությունների եւ պայմանագրի միջոցով, իսկ հետո ամրագրվեր օրենքով:

«Ադրբեջանի Հանրապետություն» գրելով՝ օրենքը սահման չի տեղորոշել

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում դիլեմայից խուսափելու համար, թերեւս, կարելի էր դրանում արտաքին սահմանները նկարագրելիս չօգտագործել որեւէ պետության անուն (Արցախ կամ Ադրբեջան), առավել եւս, որ այդ օրենքը չի վերաբերում պետական սահմանին:

Ինչ վերաբերում է ներկա իշխանությանը, որը «նախկինների» հասցեին այս քննադատությունը սկսեց հնչեցնել միայն պատերազմում պարտվելուց եւ դրա ծանր հետեւանքները զգալուց հետո, ապա 2019-2020 թթ. ընթացքում Փաշինյանի թիմը, լինելով մեծամասնություն ԱԺ-ում, կարող էր առանց որեւէ խոչընդոտի փոփոխություն կատարել օրենքում: Թե ինչու չեն արել, վարչապետը չի ասում:  

Այդուհանդերձ, ինչպես վերեւում նշեցինք, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը որեւէ կերպ չի որոշում կամ տեղորոշում պետական սահմանը: Օրենքում միայն ասվում է, որ X համայնքի եւ պետական սահմանի սահմանագիծը համընկնում է ՀՀ-Վրաստանի Հանրապետություն, ՀՀ-Թուրքիայի Հանրապետություն, ՀՀ-Իրանի Իսլամական Հանրապետություն, ՀՀ-Ադրբեջանի Հանրապետություն սահմանագծին: Բայց, ի տարբերություն ներքին սահմանների, օրենքում չի հստակեցվում, թե ինչպես է անցնում պետական սահմանը («Պետական սահմանի մասին» օրենքով՝ ՀՀ պետական սահմանն այն գիծն է եւ այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերեւույթը, որոնք որոշում են ՀՀ տարածքի՝ ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները):

Դա, կրկնենք, միջպետական բանակցությունների եւ պայմանագրի արդյունք պետք է լինի: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ են միջպետական նորմալ հարաբերություններ, որոնք ՀՀ-ն ու Ադրբեջանը չունեն: