կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 18:45
Առանց Կատեգորիա

Երբ 130-140 հազարը համարվում է ՑԱԾՐ վարձատրություն

Երբ 130-140 հազարը համարվում է ՑԱԾՐ վարձատրություն

Արդեն սրտատրոփ սպասում եմ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի  քարոզարշավի հերթական «դեպքի վայրին», որպեսզի տեսնեմ, թե նախագահը էլ ինչ է ասելու` իր պատկերացրած Հայաստանի մասին: Այսօր, այդ առումով Սերժ Սարգսյանն ամենեւին էլ չհիասթափեցրեց ինձ. նախագահն այցելեց Չարենցավան եւ տեղի բնակիչներին հայտարարեց, թե Երեւանում հազարավոր աշխատատեղեր կան, բայց` ցածր վարձատրությամբ, եւ մարդիկ չեն ցանկանում աշխատել այդտեղ: Իսկ ցածր աշխատավարձ ասելով` նախագահը նկատի ուներ 130-140 հազար դրամը, որն այժմ մեր երկրում բավականին բարձր աշխատավարձ է համարվում:

 

Այնպիսի տպավորություն է, որ կա'մ նախագահը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մեր երկրում, կա'մ իրեն այդպես են ներկայացնում, կամ էլ` չէ՛, չեմ ուզենա անգամ այս տարբերակը նշել: 

 

Ճիշտ է, 130-140 հազար դրամով մի քիչ դժվար է տուն պահել, բայց ի՞նչ ասեն նրանք, ովքեր 60-80 000 դրամ աշխատավարձ են ստանում: Ի դեպ, պարոն նախագահ, մարդիկ սովորաբար մեկ գործ են ունենում, այլ ոչ թե, ինչպես ընդունված է պատգամավորների մոտ, մեկ պաշտոն եւ բիզնեսներ:

 

Ասենք` նախագահը տեղյակ չէր, թե որքան աշխատավարձ են ստանում ոչ պետական հիմնարկներում, բայց պետական հիմնարկներում աշխատողներն ի՞նչ կասեն /չէ՞ որ նրանք փետրվարի 18-ին շտապելու են հանձնարարություններ կատարելու/: Կուզեինք նախագահին հուշել, որ հայտարարություններ անելուց առաջ հանձնարարի ստուգել, օրինակ` որքան աշխատավարձ են ստանում ուսուցիչները, դասախոսները, քաղաքապետարանի աշխատակիցները, դերասանները /ա՜խ/, բժիշկները...

 

Պարո'ն նախագահ, հուսամ` այսուհետ Ձեր իսկ նշած ՑԱԾՐ աշխատավարձը օրենքով կսահմանվի աշխատավարձի նվազագույն շեմ /այլ ոչ թե 35 000 դրամ/, որի դիմաց, իմիջիայլոց, վստահեցնում եմ Ձեզ, անգամ մոտակա մարզերի բնակիչները ուրախությամբ կգան Երեւան` աշխատելու:

 

Հ. Գ. Ի դեպ, ես նույնպես պատրաստ եմ սիրով եւ մեծ ուրախությամբ /վերջում անգամ երախտագիտությունս կհայտնեմ` անգամ հրապարակավ/ աշխատել 8-ժամյա գրաֆիկով եւ ստանալ 130-140 000 դրամ աշխատավարձ: Դուք միայն ցույց տվեք այդ աշխատատեղերը:

 

Հ. Գ. 2 Ուրախությամբ սպասում եմ նախագահի` վաղվա քարոզարշավին. ի՞նչ իմանանք` մեկ էլ պարզվեց` կանոնավոր կերպով տարին 4 անգամ գնում ենք արտերկիր` հանգստանալու:

Կ. Հ.