կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-22 12:12
Առանց Կատեգորիա

Թե ինչպես ինձ հետ խոսեցին ''դու''-ով

Թե ինչպես ինձ հետ խոսեցին ''դու''-ով

Ես ՀՀ քաղաքացի եմ: Բոլորը պարտավոր են ինձ հետ «Դուք»-ով խոսել: Սա ոչ միայն ՀՀԿ 14-րդ համագումարի, այլև անձամբ Սերժ Սարգսյանի պահանջն է:

 

Արի ու տես, սակայն, որ այդ պահանջը բանի տեղ դնող չկա: Ինձ հետ օրերս ոչ միայն«Դուք»-ով չխոսեցին, այլև անխղճաբար տույժի ենթարկեցին՝ ամբողջ 1900 դրամ: Ես հասկանում եմ, որ դա առանձնապես խոշոր չափերի գումար չէ, որ դա այնքան ծիծաղելի գումար է, որ մեր կառավարությունը` վեհանձնությունից, ամաչում է այդ չափով բարձրացնել կենսաթոշակը կամ նվազագույն աշխատավարձը: Բայց, ամեն դեպքում, տհաճ է: Մինչդեռ ես գնացել էի իմ սիրելի Հայաստանին փող վճարելու, որ Հայաստանն այդ փողով տանկ առնի, բանակ կերակրի, երեխաների համար տետր ու դասագիրք գնի, որ մեր ոստիկանը նոր համազգեստ ունենա, որ մեր նախագահի և վարչապետի ավտոն ոչ մեկի ավտոյից վատը չլինի, որ մեր պատգամավորները բոլորը Առյուծ Մհերի նման դուխով լինեն, որ Հայաստանը կարողանա այդ փողով ընտրություններ կազմակերպի ու դրսում ասեն՝ մալադեց, տե'ս` ինչ դեմոկրատական երկիր է:

 

Երևի հիմա մտածում եք, թե այս ինչ կլյաուզնիկի մեկն է սա` ընդամենը 1900 դրամ է վճարել ու հիմա այսքան խոսում է: Հարցը, կրկնում եմ, 1900 դրամը չէ, այլ այն, որ կյանքում ՀՀԿ համագումարի ու ՀՀԿ առաջնորդի պահանջը չի կիրառվում, և ոչ ոք ՀՀ քաղաքացու հետ չի պատրաստվում «Դուք»-ով խոսել: Եթե այսօր մենք չբարձրացնենք այս հարցը, վաղը, իսկ ավելի ստույգ՝ փետրվարի 18-ին, դարձյալ, ՀՀ քաղաքացիների վզակոթին տալով կամ բնությունից տրված ծնոտը պոկելու սպառնալիքի տակ, տանելու են ընտրության:

 

Լավ, վերջապես ի՞նչ է տեղի ունեցել՝ կհարցնեն անհամբերները: Առանձնապես ոչինչ: Մեքենաս էի տարել տեխզննության: Եվ, առհասարակ, ամեն տարի, Նոր տարուց առաջ ես մեքենաս տանում եմ տեխզննության: Օրենք է: Մեքենան գույք է, և գույքահարկ պիտի վճարես: ՀՀ քաղաքացիները, որոնց հետ պետք է «Դուք»-ով խոսեն բոլորը, հասկանում են դա և ինձ նման բարեխիղճ ձևով, տարին մեկ անգամ իրենց մեքենայի համար գույքահարկ են վճարում: Կոնկրետ մեքենայի դեպքում՝ տարին մեկ: Նախորդ տարի, այսինքն` 2011 թվականին, ես գույքահարկս վճարել էի Նոր տարուց առաջ` դեկտեմբերին: Հետևաբար՝ 2012 թվականի դեկտեմբերեն պիտի նոր վճարում կատարեի ու, որպես «Դուք» մակնիշի քաղաքացի, գնացի մայրաքաղաքի համապատասխան վարչատարածքի ղեկավարի կանտորան՝ այդ վճարումը կատարելու: Եվ ինչ պարզվեց: Պարզվեց, որ ես ուշացել եմ ու դրա համար տույժ պետք է վճարեմ` ուղիղ 1920 դրամ: Ես չեմ հասկանում: Օրացույցին դեկտեմբերի 21-ն էր, այսինքն` դեկտեմբերը, այսինքն` Նոր տարուց առաջ էր այս ամենը տեղի ունենում, ինչպես ամեն տարի: Ո՞րն է իմ հանցանքը: Վճարեցի, իհարկե, բայց ստացվեց ինչպես հայտնի զվարճախոսության մեջ՝ ՀՀԿ համագումարից և Սերժ Սարգսյանի գեղեցիկ խոսքերից հաճույք ստանա վարչապետը, ջառմեն քաշի ՀՀ քաղաքացի Հայրապետը: Այսպես ո՞նց կլինի, հարգելի' վարչապետ: Հասկանալի է, Դուք շատ հմայիչ ժպիտ ունեք, բայց դա Ձեզ չի ազատում, չէ՞, մեզ հետ «Դուք»-ով խոսելու պարտականությունից:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ