ԱՌԱՎՈՏ. Բանակի ղեկավարությունը դողում է զինվորի կյանքի համար
«Հաճախ բանակի ղեկավարությանը սրտացավորեն դասեր են տալիս մարդիկ, ովքեր հայկական բանակի հետ որեւէ առնչություն չեն ունեցել: Բանակի խնդիրները շահարկող անձի'նք, դուք մեզնից ավելի սրտացավ չեք զինվորի համար: Զինվորի կյանքի համար դողում են ինչպես հարազատները, այնպես էլ բանակի ղեկավարությունը: Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո տուժում է ոչ միայն զինծառայողի ընտանիքը, այլեւ ամբողջ բանակը: Չգիտեմ` ինչո՞ւ է ոմանց թվում, թե բանակում ղեկավարները մտածում են` ինչպես անել, որ կատարված հանցագործությունը եւ հանցագործներին թաքցնեն: Հավատացա'ծ եղեք, հանցագործություն կատարած անձը մեր պայմանական թշնամին է, քանի որ, ի տարբերություն մեր հակառակորդի, նա մեզ թիկունքից է հարվածում: Բանակի ղեկավարությունը ամենաշահագրգռվածն է, որպեսզի իրական հանցագործները խստորեն պատժվեն»,- թերթի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: