Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՊՀ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը պատմական նշանակություն ունի. այսօր կառավարության նիստից առաջ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` մեր մասնագետներն այդ փաստաթղթի վրա աշխատում են 1993 թվականից. համաձայնագիրը ստորագրվեց, բայց չվավերացվեց։ Աշխատանքները նոր թափ ստացան վերջին 2,5 տարիների ընթացքում, ինչի արդյունքում հնարավոր եղավ համաձայնության գալ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։
Տ. Սարգսյանի գնահատմամբ` այդ համաձայնագիրը Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն։ Մասնավորապես` առանց մաքսատուրքերի մենք հնարավորություն կունենանք առևտրաշրջանառություն իրականացնել այն պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը։ Կստեղծվեն միասնական կանոններ՝ լիցենզավորման, կոդավորման և այլն, ինչի արդյունքում որևէ երկիր այլևս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար։
Հաջորդ կարևոր առանձնահատկությունն, ըստ վարչապետի, այն է, որ այս փաստաթուղթը կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա։ Դրանում ամրագրված է, որ այս համաձայնագրի շրջանակում կցված անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են։
«Պետք է արձանագրենք, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետև նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է։ Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններ՝ այդ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու և ծառայություններ մատուցելու համար։ Համոզված եմ, որ սա լրացուցիչ խթան է հանդիսանալու մեր տնտեսական կարողությունների զարգացման համար»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը։