Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 12:25
Քաղաքական

Արձանագրությունները հարվածեցին թուրքական դիվանագիտությանը

Արձանագրությունները հարվածեցին թուրքական դիվանագիտությանը

Անկախացումից ի վեր Հայաստանի քաղաքական օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միշտ ակտուալ է եղել: Եվ 2009 թվականին ստորագրված արձանագրություններն այդ ուղղությամբ արված ամենակոնկրետ քայլն էին:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը եւ նշեց, որ Թուրքիայի ապակառուցողական մոտեցման արդյունքում էր, որ տապալվեցին արձանագրությունները: Իսկ այդ տապալման մասին նախանշաններ կային թե' մինչ ստորագրումը, թե' դրանից անմիջապես հետո:

 

Այսօր լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 2 տարին: Այս տարիների ընթացքում դրանց ունեցած արդյունքների մասին խոսում է թուրքագետը. «Նախ, արձանգրությունների շնորհիվ թուրքական դիվանագիտությունը դժվարություններ ունեցավ. ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ հանդես եկավ որպես ոչ պատասխանատու եւ ոչ կոնստրուկտիվ գործընկեր»:

 

Ռ. Մելքոնյանի խոսքերով` արձանգրությունների տապալումից հետո պարզ դարձավ նաեւ Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» լոզունգի կեղծ լինելը. «Այսօր Թուրքիան բացահայտ պատերազմական հայտարարություններ է անում առնվազն իր երկու հարեւանների` Կիպրոսի եւ Սիրիայի դեմ»:

 

Արձանագրությունների մյուս հետեւանքն այն է, որ լարում առաջացավ թուրք-ադրբեջանական հարաբերություններում, ինչի մասին վկայում են վիկիլիքսյան վերջին բացահայտումները:

 

Այս արձանագրությունների պատճառով լարում առաջ եկավ նաեւ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում, սակայն  այս երկու տարիների ընթացքում այդ տարաձայնությունները չեզոքացվեցին: