կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 16:51
Արցախ

Ինչո՞ւ են գաղտնի պահում թեկնածուի անունը

Ինչո՞ւ են գաղտնի պահում թեկնածուի անունը

Սեպտեմբերի 18-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաառաջադրումը կավարտվի վաղը։

Արդեն երկու օր է` փորձում ենք ԿԸՀ-ից տեղեկություններ իմանալ, թե Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում ովքեր են առաջադրված թեկնածուները։ Երկօրյա «պայքարից» հետո վերջապես հաջողվեց իմանալ նրա անունը, որը, չգիտես ինչու, ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը փորձում էր գաղտնի պահել։

Տեղեկություն ստանալու մեր «պայքարը» սկսվեց այն բանից հետո, երբ ԿԸՀ մամուլի քարտուղարը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչեւ թեկնածուների գրանցումն անուններ չեն հրապարակելու։ Փորձեցի պարզաբանումներ ստանալ անմիջապես ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանից. երեկ մեր հեռախոսազրույցի ժամանակ նա խոստացավ անուններ տալ այսօր առավոտյան ժամը 10։00-ին՝ առաջարկելով զանգել անմիջապես իրեն։ Այդպես էլ արեցի, սակայն քարտուղարուհին ասաց, որ նա կառավարության նիստի է մասնակցում։ Սակայն Ռաշիդ Պետրոսյանն այսօր կառավարության նիստում չէր, որի ավարտից հետո երկու լրագրողներով այցելեցինք ԿԸՀ: Մեզ սկզբում ուղարկեցին մամուլի քարտուղարի մոտ, որը դարձյալ նշեց, որ անուններ չգիտի։ Ստիպված եղանք նորից գնալ ԿԸՀ նախագահի ընդունարան, որտեղ քարտուղարուհու՝ նախագահին մեր այցի մասին տեղեկացնելուց հետո, մեզ ասացին, թե նա խիստ զբաղված է, եւ մենք կարող ենք հետո գալ, իսկ թե այդ հետոն երբ է՝ այդպես էլ չասացին։

Մոտ 15 րոպե անց նախագահը դուրս եկավ շենքից (հավանաբար տեղ էր գնում) եւ մեր հարցադրումներին դարձյալ չպատասխանեց՝ միայն նշելով, որ հետո կասի։

Տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմեցինք Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ումից դժվարությամբ, բայց, ի վերջո, իմացանք թեկնածուի անունը։ Նա սկզբից մեզ տվեց ԿԸՀ կայքի հասցեն` նշելով, որ տեղեկատվություն պետք է ստանանք այնտեղից։ Նրա խոսքերով` ԿԸՀ նախագահն այդպես է հրահանգել, որ ցույց տան հասցեն, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար դիմեն իրեն։ Սակայն հրապարակայնության մասին մեր պնդումներից հետո, ի վերջո, նա որոշեց հրապարակել թեկնածուի անունը՝ տեղեկացնելով, որ որպես քաղաքապետի թեկնածու առայժմ ինքնաառաջադրվել է Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ Սուրեն Գրիգորյանն այժմ զբաղեցնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը։

Սեյրան Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ այժմ չի եղել դեպք, երբ մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում առաջադրվի 1 հոգի, եւ միաժամանակ համոզմունք հայտնեց, որ այլ թեկնածուներ էլ կլինեն, քանի որ տեղեկություններ ունի, որ որոշ մարդիկ ոստիկանությունից այդ նպատակով տեղեկանք են վերցրել։

Ըստ շրջանառվող լուրերի` թեկնածություն առաջադրելու մտադրություն ունեն նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, ով ի դեպ, 2004-ի ընտրություններում ընդդիմության թեկնածուն էր եւ ում հաջողվեց հաղթել իշխանության թեկնածուին, եւ ԱԺ պատգամավոր Մարատ Հասրաթյանը։

Իսկ թե ինչո՞ւ է գաղտնի պահվում թեկնածուի անունը, այդպես էլ չիմացանք։

Անահիտ Դանիելյան