կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 15:12
Սպորտ

Copa America-ին ընդառաջ

Copa America-ին ընդառաջ

1910 թվականին կայացավ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը Չիլիին միացնող երկաթգծի բացումը: Այս միջոցառումն ավելի դիտարժան դարձնելու համար Արգենտինայի կառավարությունը որոշեց կազմակերպել ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցեցին Արգենտինան, Ուրուգվայը և Չիլիին: Հրավեր էր ուղարկվել նաև Բրազիլիային, սակայն վերջիններս հրաժարվել էին մասնակցությունից:

Ամերիկայի գավաթի առաջին մրցաշարում հաղթեցին արգենտինացիները: Սակայն այս մրցաշարն այն ժամանակ դեռ այդպես չէր կոչվում, քանի որ Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան ստեղծվել է 1916 թվականին: Այդ ժամանակից ի վեր Հարավային Ամերիկայում 2 տարին մեկ անցկացվում էր ֆուտբոլի մրցաշար:

ԿՈՆՄԵԲՈԼ-ը (այդպես են կոչում Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան) մինչ օրս չի կարողանում հստակ գրաֆիկ սահմանել իր կազմակերպած մրցաշարի համար: Մինչև 1959 թվականը մրցաշարն անցկացվում էր 2 տարին մեկ, ապա 8 տաի ընդմիջում տրվեց` մրցաշարն անցկացվեց 1967-ին, իսկ այնուհետև դարձյալ վերադարձան 2 տարի հաճախությամբ մրցաշարերին: 2001 թվականից սկսած` մրցաշարն անցկացվում է 3 տարին մեկ անգամ:

1975 թվականին մրցաշարը, որը մինչ այդ չուներ հստակ կոչում, սկսեցին անվանել Copa America (Ամերիկայի գավաթ): Այն միշտ էլ աչքի է ընկել իր գոլառատ հանդիպումներով, պատճառը թիմերի անհավասար մակարդակներն են եղել, այսինքն` ի սկզբանե մրցաշարին մասնակցել են  հայտ ներկայացրած բոլոր հավաքականները (Հարավային և Կենտրոնական Ամերիկայից): Հետո ԿՈՆՄԵԲՈԼ-ը, առաջնորդվելով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակով, սկսեց Copa America-ին հրավիրել Հարավային և Կենտրոնական Ամերիկայի լավագույն հավաքականներին:

Խնդիր կար նաև` մրցաշարերի անցկացման վայրերի հետ կապված: 1975, 1979 և 1983 թվականներին անցկացված մրցաշարերը չեն ունեցել անցկացման կոնկրետ երկիր, և մրցակիցները պարզապես շրջագայել են: Հիմա այսպես են անցկացվում տարբեր առաջնությունների որակավորման փուլերը:

Հարավամերիկյան ֆուտբոլը դեռ մշտապես զիջել է եվրոպականին, և մինչև 1990-ական թվականները Եվրոպայում քչերին էր հետաքրքրում այս մրցաշարը, սակայն այժմ պատկերն այլ է. վերջին 10-ամյակում եվրոպացիներին հատկապես գերում է Բրազիլիա-Արգենտինա հակամարտությունը: Վերջին շրջանում առավելությունն աշխարհի հնգակի չեմպիոնների կողմն է:

Ներկայումս եվրոպական լավագույն ակումբներում հանդես են գալիս բազմաթիվ լատինաամերիկացի ֆուտբոլիստներ. սա նույնպես հետաքրքրում է Հին աշխարհամասին` հետևելու Copa America կոչվող մրցաշարին:

Հուլիսի 2-ին կմեկնարկի Copa America-ի 44-րդ մրցաշարը, որը կանցկացվի Արգենտինայում, այնտեղ, որտեղ ծնունդ է առել այդ մրցաշարը: Ֆավորիտ է համարվում տանտերերի հավաքականը` ֆենոմեն Մեսսի գլխավորությամբ: Սակայն չի կարելի աչքաթող անել Բրազիլիայի երիտասարդ և հաղթանակների ծարավ ֆուտբոլիստներին: Ուրուգվայցիներն էլ իրենց լեգենդար ավագ Դիեգո Ֆորլանի և լիվերպուլցի Լուիս Սուարեսի հետ ընդունակ են տխրեցնելու ցանկացած մրցակցի...

Այնպես որ` դեռ ոչինչ պարզ չէ, և մեզ` ֆուտբոլասերներիս, առաջիկա մեկ ամսում սպասում է ֆուտբոլային շքերթ, որի անունն է Ամերիկայի գավաթ:

                                                                                                                                                        Ռազմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ