կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-28 18:02
Հասարակություն

Շների սպանդ` Երեւանում

Շների սպանդ` Երեւանում

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ սկսվել է թափառող շների զանգվածային ու աննախադեպ սպանդ, որի ժամանակ շներին վերացնելու նոր տեխնոլոգիա է մշակվել։ Այս մասին ահազանգում են «Փրկենք կենդանիներին» կամավորների խումբը եւ Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնը:

Շներին բռնում են էլեկտրական շոկերներով (էլեկտրական հոսանքով ձողեր), իսկ հետո` հոսանքահարում: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում մի շան փորձել են բռնել հենց այդ կերպ եւ կարողացել են միայն վիրավորել։ Հիմա այդ շունն ամբողջ օրը ոռնում է ու թափահարում գլուխը, եւ նրան բռնելը դարձել է անհնար:

Այս կապակցությամմբ կամավորների խումբը , որպես նախնական քայլ, «գրոհել է» քաղաքապետի «Ֆեյսբուքի» էջը եւ իր բողոքը հայտնել:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն արձագանքել է եւ Կ. Կարապետյանի ֆեյսբուքյան էջում մասնակիորեն հերքել է պատահածը` նշելով. «Երեւանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք չի ցուցաբերվում, եւ թափառող կենդանիների զանգվածային սպանդ չի կազմակերպվում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարբեր կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ եւ ահազանգեր, ուստի առանձին տարածքներում մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով հիվանդ, ագրեսիվ, հարձակողական վարք դրսևորող շները բռնվում եւ քնեցվում են»: