|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ամիսներ առաջ Ազգային ժողովի հասարակայնության եւ լրատվության վարչությանը խնդրեցինք տրամադրել ԱԺ պատգամավորների օգնականների ցանկը: Նկատեցինք, որ պատգամավորների զգալի մասը վճարովի հիմունքներով հենց իրենց երեխաներին են տեղավորել աշխատանքի:
Պարզաբանման նպատակով մի քանի գործարար պատգամավորներից հետաքրքրվեցի, թե ինչու են հենց իրենց երեխաներին վերցրել հաստիքով աշխատանքի, իսկ հասարակական հիմունքներով աշխատում են այլ երիտասարդներ: Պատգամավորներից մի քանիսը, խեղճացած տեսք ընդունելով, խնդրեցին, որ իրենց երեխաների անունները չգրենք, մինչեւ օգնականների տեղափոխություն կանեն:
Ամենեւին նպատակ չունեինք, որ պատգամավորներն իրենց զավակներին ազատեն աշխատանքից: Սակայն, պատգամավորներն ավելի ճկուն գտնվեցին, քան կարելի էր ենթադրել: Նրանք իրենց երեխաներին ոչ թե հասարակական կարգով աշխատանքի ընդունեցին, ինչպես խոստանում էին, այլ գործընկեր պատգամավորների մոտ` դարձյալ վճարովի հիմունքներով:
Օրինակ` ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյանը (Բրիլյանտի Արշակ) իր զավակին որպես օգնական տեղավորել է ընկերոջ` Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) մոտ:
Վճարովի հիմունքներով աշխատող պատգամավորների օգնականներն ամսական պետբյուջեից ստանում են 90 հազար դրամ աշխատավարձ: Չեմ կարծում, որ պատգամավորներն ունեն այդ գումարի կարիքը եւ ընտանիք պահելու համար են զավակներին տեղավորել այդ աշխատանքին:
Հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանն իր օգնական որդուն տեղավորել է հանրապետական գործընկերոջ` ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի մոտ` որպես խորհրդական եւ օգնական: Ռաֆիկ Գրիգորյանը սիրում է օգտվել պետական բյուջեի ընձեռած բոլոր հնարավորություններից:
Գրիշա Բալասանյան