կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-16 04:32
Քաղաքական

Ոտքդ ոտքիդ գցել` վրես գոռում ես

Ոտքդ ոտքիդ գցել` վրես գոռում ես

Եթե չլիներ հումորը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի եւ հանրապետական Վարդան Այվազյանի այսօրվա բանավեճը կվերածվեր ձեռնամարտի:

Երկրում մոնոպոլիաների, սոցիալ-տնտեսական վիճակի, բարձր գնաճի եւ սահմանադրական կարգի փոփոխության անհրաժեշտության մասին Սաֆարյանի` բավական երկարաշունչ դիտարկումներից հետո խոսելու հերթը հասավ Վարդան Այվազյանին, որն այդ ընթացքում համբերատարությամբ լսում եւ անգամ թղթին նշումներ էր անում:

Բայց երբ նա ցանկացավ հակադարձել Սաֆարյանին, վերջինս սկսեց պարբերաբար ընդհատել նրան, որից հետո Այվազյանի համբերության բաժակը լցվեց, եւ նա բարկացած ասաց. «Չի թողնում, հասկանո՞ւմ եք, չի թողնում, որ ես իմ ասածն ասեմ: Ես իրեն ուշադիր լսում էի»: Ապա, դիմելով Սաֆարյանին, նկատեց. «Ուղիղ 15 րոպե խոսում ես, մի հատ ծպտուն չհանեցի: Ինչ ասացի, հակառակն ես ասում... Ոտքդ ոտքիդ գցել` վրես գոռում ես»: Դրան ի պատասխան` Սաֆարյանը ժպտաց, եւ անախորժությունը, կարծես, հարթվեց:

Այնուհետեւ բանախոսներն անցան ասուլիսի բուն թեմային` ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն ու դրա սառեցման գործընթացին: «Մենք չունենք թշնամիներ քաղաքական դաշտում, մենք ունենք քաղաքական ընդդիմախոսներ»,- հայտարարեց Այվազյանը` նշելով, որ պատվիրակությունների միջոցով միմյանց հետ երկխոսում են թշնամիները:

Անդրադառնալով ՀԱԿ-ի կազմած պատվիրակությանը` հանրապետական գործիչը նշեց, որ իր համար անհասկանալի է պատվիրակություն ստեղծելու խնդիրը: «Այսինքն` էս երկրի խնդիրները լուծելու համար մենք պետք է պատվիրակությո՞ւն ստեղծենք. եթե պատվիրակները չլինեն, էս երկրի խնդիրները չե՞ն կարող լուծվել: Մենք արդեն աբսուրդի ենք հասնում: Ի՞նչ պատվիրակության մասին է խոսակցությունը: Վերցրել, դարձրել են մի առանձնահատուկ գործընթաց:»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների անցկացման պահանջն իր համար անընդունելի է:

Ստյոպա Սաֆարյանն էլ նկատեց, որ «երկխոսության հետ կապված նիստ անել, մարդիկ ընտրել, պրես-ռելիզ տարածել, հետո ասել, որ թող մյուս կողմն էլ ձեւավորի», իր համար թատերականացված ներկայացման է նման, քան լուրջ գործընթացի:

Բանախոսներն անդրադարձան նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծմանը: Սաֆարյանը նշեց, որ եթե այդ մարդիկ ՀԱԿ-ից են դուրս գալիս, դա արդեն իսկ պառակտում է. «Մի բան ակնհայտ է, որ ՀԱԿ-ի առանցքային ուժը համարվող ՀՀՇ-ի բավականին ակնառու դեմքեր` իրենց համակիրներով դուրս են եկել այդ կառույցից, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք ՀԱԿ-ի ներսում պառակտման փաստի հետ»:

Իսկ Վարդան Այվազյանը նշեց, որ միանշանակորեն դրական է համարում կուսակցության ստեղծումը. «Դա դեմոկրատական քայլ է եւ ողջունելի: Համենայն դեպս, դա ցույց է տալիս, որ այդ մարդիկ ազատ են իրենց որոշումների մեջ»: