կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 05:52
Հասարակություն

Երեւանի քաղաքապետը պաշտոնական այցով եղել է Թբիլիսիում

Երեւանի քաղաքապետը պաշտոնական այցով եղել է Թբիլիսիում

Հունիսի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հրավերով երկօրյա պաշտոնական այցով եղել է Թբիլիսիում. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքապետերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի կանոնակարգման, բնակֆոնդի պահպանման, համատիրությունների գործունեության արդյունավետության և քաղաքային տնտեսության մի շարք այլ բնագավառներում փորձի փոխանակումն ու ճանաչողական ծրագրերի իրականացումը:

Երևանի քաղաքապետի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել նաև երկու քաղաքներում մշակութային միջոցառումների վերաբերյալ, համագործակցություն հաստատել զբոսաշրջության զարգացման ոլորտում: Այս համատեքստում կարևորվել է զբոսաշրջային համակցված փոխայցելությունների կազմակերպումը, ինչպես նաև զբոսաշրջային գործակալությունների միջև շփումների ակտիվացումը:

Ընդգծելով փոխադարձ այցերի անհրաժեշտությունը` Երևանի քաղաքապետը նշել է, որ գործնական այս հանդիպումը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացման հարցում: 

Թբիլիսիի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները լավ հիմք կհանդիսանան նաև երկու երկների միջև համագործակցության էլ ավելի ընդլայնման հարցում

Պաշտոնական հանդիպումից հետո երկու քաղաքապետերը շրջել են քաղաքի պատմական վայրերով: Գեորգի Ուգուլավան Կարեն Կարապետյանին ծանոթացրել է Թբիլիսիի «Հին քաղաք» վերակառուցման ծրագրին, որի համաձայն` նախատեսվում է իրականացնել հին քաղաքի վերականգնման աշխատանքներ՝ վերածելով այն տեսարժան զբոսաշրջային հատվածի:

Երևանի քաղաքապետը Թբիլիսիի քաղաքապետի ուղեկցությամբ ծանոթացել է նաև նորակառուց հետիոտն կամրջի և նոր հիմնված քաղաքային զբոսայգու ծրագրերին: Կարևորելով ձեռք բերված պայմանավորվածությունները` Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցության ամուր հիմքերն արդեն դրված են:

Պաշտոնական այցի երկրորդ օրը Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետի հետ մասնակցել է նաև Թբիլիսիում Հայ Առաքելական եկեղեցուն կից Մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին` քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Թբիլիսիի հայությանը ցուցաբերվող աջակցության համար: