կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 22:58
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Կովը վաճառել է, որ վիրահատվի

ԺԱՄԱՆԱԿ. Կովը վաճառել է, որ վիրահատվի

«Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից վիրավորված` Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում նստացույցը ցրելու ժամանակ ջարդել են իր ատամնաշարը: Իսկ «Չերյոմուխա-7»-ից վնասվածքը ստացել է ձկան խանութի մոտ: Արդյունքում 2,5 տարի ձեռնափայտով է քայլում:

Այդքանից հետո քննչական մարմիններում իրեն ճնշումների են ենթարկել` ընդդիմադիրների դեմ ցուցմունքներ կորզելու համար: Դժկամությամբ նաեւ հիշեց, թե հարցաքննության ժամանակ քննիչները ինչպես էին ոտքը բռնել, ֆռռացրել: Այն ոտքը, որը բաց վնասվածք ուներ, ոսկորն անգամ երեւում էր:

«Հիմա որ ասում են եկեք ցուցմունք տվեք, ես այդքանի մեջ ոնց ճանաչեմ ինձ ծեծողին, այստեղ, ինչպես ասում են, հրաման տվողի պոչից պետք է բռնել»,- ասում է նա:

Խ. Դավթյանի խոսքերով` նույնիսկ իր դատաքննությունն ավարտին չհասցվեց հիվանդանոցի չտրամադրած թղթերի պատճառով. «Դատական նիստերից հետո էլ ոչ մի շփում չեն ունեցել ինձ հետ: Իսկ դատական նիստերը վերջնական տեսք չստացան: Բժշկական թղթեր ուզեցին, որը հիվանդանոցը չտրամադրեց: Անգամ էպիկրիզը Մարգարյանի երկրորդ հիվանդանոցը չտվեց: Տվել են թուղթ, որ վիրավորվել եմ, բայց ո'չ կարգ են գրել, ո'չ էլ մեկ այլ հանգամանք: Մինչ այսօր այս ոտքիս պատճառով ո'չ կարողանում եմ աշխատել, ո'չ էլ նորմալ տեղաշարժվել: Ավելին` օր օրի ավելի հետ եմ գնում: Իսկ պետությունը ոչ մի ուշադրություն չի դարձրել, միայն սկզբնական վիրահատության գումարն են վճարել, որ 450 հազար դրամ գումար է կազմել: Դրանից հետո երեք անգամ վիրահատվել եմ, եւ այդ գումարներն իմ գրպանից եմ դրել: Անասուններս եւ մեքենաս եմ վաճառել, որ վիրահատվեմ»: