Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ պարզվեց, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դռներն ընդամենը կիսբաց են, չնայած, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի պնդմամբ` դրանք լիարժեք բավ են:
«Արթիկ» ՔԿՀ-ի դռների բաց, թե կիսաբաց լինելու խնդիրը երեկ քննարկվեց նշված քրեակատարողական հիմնարկում` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումների քննարկման ժաամնակ:
Քաղբանտարկյալը դատավոր Ռոբերտ Սարգսյանից փորձում էր պարզել, թե ով է պատասխանատու դատական նիստը ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չանցկացնելու եւ ներկա քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու համար: Նիկոլ Փաշինյանը, դատավորին դիմելով, ասաց. «Ես միջնորդում եմ, որ դատարանն ինձ պարզաբանի, թե ինչն է պատճառը, որ դատարանի չի կարողանում այս դատավարությունն անցկացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ինչն է պատճառը, որ ինչ-որ քաղաքացիների թույլ է տրվում սկզբից ներս մտնել, հետո` ոչ: Երբ մենք եկանք դահլիճ քաղաքացիական հագուստով, երկու անձինք հենց սկզբից այստեղ էին, ինչու է նրանց թույլ տրվել այստեղ գտնվել, իսկ իմ ընտանիքի անդամներին, իմ ընկերներին եւ լրագրողներին թույլ չի տրվել սկզբից մասնակցել»:
Դատավորը, չիմանալով տեղի ունեցածն ինչպես պարզաբանել, պատասխանեց. «Դե, սա դռնբաց դատական նիստ է, դուռը բաց է»: Դահլիճում ծիծաղի ալիք բարձրացավ, եւ մի քանի րոպե կողմերն ու նիստին ներկա քաղաքացիները փորձում էին մի կերպ զսպել իրենց ծիծաղը:
Երեկ «Արթիկ» ՔԿՀ-ում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ միանգամից երկու դատական նիստ: Երկուսն էլ` ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ` Փաշինյանի հայցադիմումների հիման վրա, որոնցից մեկով քաղբանտարկյալը պահանջել էր վերացնել «Կոշ» ՔԿՀ պետի 2010-ի սեպտեմբերի 28-ի, իսկ մյուսով` նույն թվականի նոյեմբերի 16-ի որոշումները` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ: Սակայն դատական նիստերում հիմնական քննարկման առարկան եղավ այն, որ քաղբանտարկյալը փորձում էր դատավորից պարզել, թե ինչու նա գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի անցկացնում: