կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-25 06:34
Առանց Կատեգորիա

Ջահերով երթ` Ախալքալաքում

Ջահերով երթ` Ախալքալաքում

Ջավախքում արդեն իսկ ավանդույթ դարձած Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված ջահերով  երթը Ախալքալաքում տեղի ունեցավ ապրիլի 23-ին,  ժամը 20:00-ին :    Երթի սկզբնակետը Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնն էր: Մինչ երթի սկսվելը   հավաքվածներին  ընթերցվեց      Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովին ուղղված նամակը , որում մասնավորապես ասված էր.  « Մենք’  երիտասարդներս,  կոչ  ենք  անում Ձեզ` Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի  պատգամավորներին,  ոչ  միայն  գնալ  ապրիլի  24-ին  մոմեր  վառել  եկեղեցում   և  ծաղիկներ  դնել  հուշաքարերին  ու  խաչքարերին, այլ  նաև  հարցը  ներկայացնել  Վրաստանի  խորհրդարան` սույն  խնդիրը  օրակարգ  մտցնելու  և  1915թ.  Հայոց  Ցեղասպանության  փաստը  պետականորեն  ճանաչելու  ու  , դատապարտելու  պահանջով:  Այնժամ  Դուք  հիրավի  կհաստատեք  Ձեր  ժողովրդի  իսկական  ընտրյալներ  լինելու  փաստը:

   -Վրաստանի  խորհրդարանի  բոլոր  պատգամավորներին  ասում  ենք’  մենք  Վրաստանում ապրող   հայերս  մեր  երկրի  լիարժեք  ու  օրինապահ  քաղաքացիներն  ենք,  հանուն  արդարության  վերականգման  ու  ողջ Վրաստանի  երեխաների  ապագայի,  հաշվի  չառնելով  ոչ  մի  խոչնդոտ, կոչեք  իրերը  իրենց  անուններով’  ընդունեք  Հայոց  Ցեղասպանության  փաստը  ու  դատապարտեք  այն…

     ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ` այս  է  պահանջում  անմեղ  զոհերի  սուրբ  արյան  կանչը…  Հավաքված երիտասարդները միաձայն ընդունեցին  ներկայացվող պահանջը:  

Չնայած երկարատեւ հորդառատ անձրեւին,  ամբոխը շարժվեց կենտրոնական փողոցով մինչեւ Մշակույթի տուն, ապա թեքվեց ձախ`  ուր երիտասարդները Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի ընդունարան  հանձնեցին նամակը:  Ինչպես ամեն տարի, այս տարի եւս վերջին կանգառը  քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցին էր, ուր երիտասարդները արդարությունը վերականգնելու կոչ արեցին համայն մարդկությանը, վերահաստատելով ավելի ու ավելի ակտիվ գործելու իրենց կամքն ու վճռականությունը: Այս տարի եւս երթի կազմակերպիչներն էին Զորի Զորյան երիտասարդական միությունը եւ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը:  Ի տարբերություն անցած տարիների, այս տարի երթի մասնակիցները ավելի   մեծ թիվ էին կազմում: Հատկապես մեծ թվով մասնակցություն ունեին  կանայք եւ աղջիկները:

Վերոնշյալ կազմակերպությունների կողմից նմանատիպ միջոցառում է կազմակեչպվել նաեւ Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: