Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում ՀՅԴ Բյուրոն հյուրընկալել էր Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռընե Ռուքեին, որն աչքի է ընկել Ֆրանսիայում ծավալած հայանպաստ գործունեությամբ եւ մեծ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եղել եւ հիմնված փոխադարձ վստահության վրա:
«Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ, որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր` նա այցելեց նաեւ Արցախ ու իր գործընկերների հետ բարձրաձայնել եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման»,- ասաց նա:
ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ հրավիրվածների ուշադրությունը հրավիրեց Ռընե Ռուքեի` Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությանը եւ հիշեցրեց, որ դեռեւս 1984-ին, երբ Ռուքեն Ալֆորվիլի փոխքաղաքապետն էր, բացվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձան, որից ընդամենը 10 օր անց բռնության ենթարկվեց «Գորշ գայլերի» կողմից, եւ Ռընե Ռուքեի համար պարզ դարձավ, որ պայքարը դժվար է լինելու, սակայն նա չընկրկեց:
«Պիտի արձանագրել, որ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարության մոտ Ռընե Ռուքեի միջամտության շնորհիվ էր, որ այդ օրենքի նախագիծը երկու շաբաթից` Սենատի մայիսի 4-ի նիստի օրակարգում է: Եվ հակառակ թուրքական ապատեղեկատվության` Սենատն այդ օրինագիծը քննարկելու է այդ օրը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ռընե Ռուքեն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` նշելով, որ ինքը դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունի, եւ ՀՅԴ-ի հետ իր համագործակցությունն անպայման շարունակվելու է: