Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շաբաթներ առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կենսաթոշակները բաժանելու համար մի ընկերություն հավաքել է մոտ 34 հազար ստորագրություն, որը անհավատալիորեն մեծ թիվ է, եւ իր կողմից արդեն հանձնարարական է տրվել դատախազությանը նշված ընկերության աշխատանքները ստուգելու համար։
Մեր տեղեկություններով` խնդիրը վերաբերում է «Մեգափայ» կազմակերպությանը, որի եւ վարչապետի ջրերը ոչ մի կերպ նույն առվով չեն հոսում։
Բանն այն է, որ տարիներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանը դեռեւս զբաղեցնում էր ԿԲ նախագահի պաշտոնը, հայկական շուկայում սկսեցին ներդրվել արագ վճարման տերմինալներ, որոնցով հնարավոր էր իրականացնել ոչ միայն կոմունալ ծախսերի համար մուծումներ, այլեւ բջջային հեռախոսների լիցքավորում։ Տերմինալների ներմուծումը կազմակերպել էր «Թել Սելլ» ընկերությունը, որի բաժնետերերից մեկը Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին էր։
Ինքնին սրա մեջ ոչ մի պարսավելի բան չկա։ Բայց նման ծառայություններ մատուցելու համար որոշ ժամանակ անց դիմեց նաեւ մեկ այլ ընկերություն, վերը հիշատակված «Մեգափայը», որին լիցենզիայի տրամադրման խնդիրը ԿԲ-ի այն ժամանակվա ղեկավարության կողմից սկսեց ձգձգվել շաբաթներով ու ամիսներով։ Ի վերջո, այդ դիմադրությունը «Մեգափայը» կարողացավ հաղթահարել եւ լիցենզիան ստանալուց հետո գրավեց շուկայի մեծ մասը` աստիճանաբար դուրս մղելով Տիգրան Սարգսյանի ազգականի ընկերությունը։
Բայց ահա, կարծես, եկել է վարչապետի ռեւանշի աստեղային պահը։ Երեւանում կենսաթոշակների վճարման իրավասությունը բանկերին, «Հայփոստին», ինչպես նաեւ այլ ընկերությունների փոխանցելու որոշումից հետո «Մեգափայը» եւս, հավաքելով կենսաթոշակառուների ստորագրությունները, դիմեց թոշակների վճարման արտոնություն ստանալու համար, սակայն արտոնությունը, ինչպես առաջին, այնպես էլ այս անգամ, տրամադրում է ԿԲ-ն։
Սա է կառավարության նիստում հնչած հայտարարության նախապատմությունը։ Կուզեինք հավատալ, որ վարչապետի նպատակը չէ պետական լծակների օգտագործմամբ ճանապարհ հարթել իր ազգականի բիզնեսի զարգացման համար, բայց դա ցույց կտա դեպքերի հետագա ընթացքը։