կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 23:01
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. ″Գրեյթ Վելլի″-ի հեռախոսահամարը փնտրելիս

ԺՈՂՈՎՈՒՐԴ. ″Գրեյթ Վելլի″-ի հեռախոսահամարը փնտրելիս

«Ժողովուրդ» թերթին դիմած ՀՀ քաղաքացին եկել էր «Գրեյթ Վելլի» կազմակերպության հետ կնքած խաղողի մթերման պայմանագիրը ձեռքին: Վերջինս խմբագրություն էր եկել պայմանագրում նշված «Գրեյթ Վելլի» հասցեն երկար ու անարդյունք փնտրելուց հետո: Սայաթ-Նովա փողոցի նշված շենքը գտել էր, բայց «շենքի շուրջ մի ժամ պտտվելուց հետո ոչ մի դրոբ 13» չէր գտել:

Եթե պայմանագիրը մեր աչքով չտեսնեինք եւ երկրի նախագահի հռչակած` գյուղացուն, գյուղմթերք արտադրողին օգնելու գաղափարով չտոգորվեինք, օրվա գրելիք պատրաստի նյութը թողած` երկու-երեք ժամ անընդմեջ հեռախոսների առաջ չէինք նստի:

Եթե վարչապետը տարրական բաներ է սովորեցնում «հարյուր տարվա կթվորին», որոշեցինք մենք էլ ուժերի ներածի չափով օգնել արտադրողին: Առավել եւս, լավ հիշում ենք, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Հանրային խորհրդում կազմակերպված լսումների ժամանակ խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի մթերված գյուղարտադրանքի գումարները ժամանակին վճարեն:

Քանի որ առաջիկա օրերին պատրաստվում ենք տպագրել պայմանագիրն ու այն մարդկանց անունները, որոնք խաղող են հանձնել, պայմանագիրն այժմ ներկայացնենք ընդհանուր գծերով: Պայմանագիր առ այն, որ քաղաքացի Համբարձումյանը այսքան տոննա խաղող է հանձնել հիշյալ ընկերությանը, որը պարտավորվում է վեց ամսվա ընթացքում վճարել գումարը: Վեց ամիսն անցել-լրացել է, բայց պայմանագրով նախատեսված մեկ միլիոն դրամից ոչ մի լումա չեն ստացել: Պայմանագիրը ստորագրված է` Լ. Արզաքանցյան, սակայն հեռախոսահամար նշված չէ:

Ինչպես պարզեցինք, սա պատահական բացթողում չէ: «Գրեյթ Վելլն» միշտ հասանելի է ոչ միայն շարքային գյուղացուն, այլեւ լրագրողների համար:

«Արեգ» տեղեկատուն տրամադրեց ընկերության գրասենյակի հեռախոսահամարը, որով զանգահարելով  տեղեկացանք, որ «բաժանորդի հեռախոսը միացված չէ կայանին»: «Սփյուռ» ծառայության տրամադրած հեռախոսահամարը «Գրեյթ Վելլի»-ի խանութինն էր, եւ վաճառողուհի Լուսինեն բարյացակամորեն մերժեց տալ  կազմակերպության համարը: «Լյովա Արզաքանցյանի հեռախոսը չենք կարող տրամադրել, եթե նամակի կարգով գրեք, կփորձենք տեղ հասցնել»,-տեղեկացրեց վաճառողուհին:

Փորձեցինք զանգահարել նաեւ Տիգրան Արզաքանցյանի հեռախոսահամարներով: Մեկով ասացին, որ սխալվել ենք, եւ տղամարդու ձայնը քյավառա բարբառով ասաց, թե Տիգրան Արզաքանցյանին ճանաչում է, քանի որ ինքը ՀՀ քաղաքացի է: Մյուս հեռախոսահամարից պատասխանեցին, որ ընդամենը մի ամիս է` այդ համարը գնել են:

Վերջապես բախտներս բերեց, եւ հեռախոսը վերցնող պարոնն ընդունեց, որ ինչ-ինչ կապ ունի «Գրեյթ Վելլի»-ի հետ: Տեղեկանալով, որ հետաքրքրվում ենք մթերված խաղողի գումարները տրամադրելու հարցով, ասաց, որ տեղյակ է, սակայն իրավասու չէ պատասխանել: «Ես չեմ, իրավաբանին կամ ղեկավարությանը կտեղեկացնեմ, Ձեզ կզանգեն»:

Մինչեւ օրվա վերջ զուր սպասեցինք «Գրեյթ Վելլիի» ղեկավարության կամ իրավաբանի պարզաբանումներին: