|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մասնակցությամբ, հրավիրվել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ներկայացվել են 2010 թ. ԿԳ ոլորտում կատարված աշխատանքները:
Նշվել է, որ կշարունակվեն արհեստագործական կրթության կայուն ցանցի ստեղծմանն ուղղված ծրագրերը, որպեսզի թողարկվեն բարձրակարգ արհեստավորներ: Հանրապետությունում արհեստագործական դպրոցների թիվն առաջիկայում մեկով կավելանա. նախատեսվում է Շուշիում կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր արհեստագործական կրթարան:
Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության մեկ տարվա կատարած աշխատանքները ներկաները գնահատել են բավարար: Ըստ վարչապետի, սակայն, գոհացուցիչ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք:
Նրա համոզմամբ` հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները պետք է իրազեկ լինեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին, քանի որ դպրոցականների շրջանում դրանց դերը մեծ է, հատկապես` ճիշտ մասնագիտություններ ընտրելու հարցում:
«Սխալ կողմնորոշումը հանգեցնում է ոչ պահանջված մասնագետների կուտակման, ինչը ներկայումս առկա է մեզ մոտ»,- նշել է Արա Հարությունյանը:
Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք ուսումնական տարում կմեկնարկի «Յուրաքանչյուր աշակերտին` մեկ համակարգիչ» ծրագիրը, որի առաջին փուլով համակարգիչներ կբաժանվեն տարրական դասարանների աշակերտներին: