Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-03-03 08:44
Քաղաքական

Կաթողիկոսն ընդունեց "Արարատ" միության անդամներին

Կաթողիկոսն ընդունեց "Արարատ" միության անդամներին

Փետրվարի 27-ին Մայր

Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց kաթողիկոսն ընդունեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության անդամներին` ուղեկցությամբ միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի:


«
Արարատ» միությունը հիմնադրվել է 1989թ. Գարեգին Բ Վեհափառ հայրապետի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում: Լինելով Հայ Առաքելական եկեղեցու առաջին երիտասարդական նմանօրինակ կառույցը` այն անվանվել էր Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միություն, սակայն հետագայում վերանվանվել «Արարատ» միություն:

 

 

Այսօր միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. գործում են տարբեր խմբակներ, ուր երիտասարդները կրթվում են, ծանոթանում հոգևոր արժեքներին, կազմակերպվում են խոկումներ, ուխտագնացություններ, այցելություններ տարբեր սոցիալական հաստատություններ:



Մինչ հանդիպումը միության նախաձեռնությամբ Մայր Աթոռի Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում կազմակերպվել էր միության տասնինը նոր անդամների մկրտությունը:



Հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսը, ուրախություն հայտնելով այցի առիթով, հայրապետական իր գնահատանքը, օրհնությունն ու հայրական սերը բերեց երիտասարդներին:

 


«Շնորհակալ եմ այս գեղեցիկ պահի համար, որ պարգևեցիք ինձ: Ես վերապրեցի այն գեղեցիկ տարիները, երբ Արարատյան թեմում շրջապատված էի երիտասարդներով, ովքեր իմ կյանքին, իմ հոգևոր ծառայությանն ու առաքելությանը նոր իմաստ հաղորդեցին»,- նշեց Նորին սրբությունը` վերհիշելով միության հիմնադրման մանրամասները և երիտասարդական կառույցի հետագա գործունեությունը:

 


Վեհափառ հայրապետը, շնորհավորելով նոր մկրտվածներին ու նրանց կնքահայրերին, մաղթեց, որ Աստծո շնորհներով զորանան իրենց հավատքի մեջ և կարողանան ապրել կյանքը Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց հոգու լույսով լուսավորել հավատավոր մեր ժողովրդի զավակների ճանապարհը: Այս առիթով Վեհափառ հայրապետը նրանց հանձնեց Նոր Կտակարան և հուշանվերներ, ապա պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու գործունեությանը կյանքի տարբեր ոլորտներում, ժամանակակից մարտահրավերներին, հասարակական կյանքում առկա տարբեր հոգևոր-բարոյական խնդիրներին:


Վերջում հոգևոր երգերի կատարումներով ելույթ ունեցավ միության «Արարատ»
երգչախումբը: