կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 22:35
Առանց Կատեգորիա

Աբովյանի քաղաքապետարանի եւ գործկոմի շենքում ռումբ է տեղադրված

Աբովյանի քաղաքապետարանի եւ գործկոմի շենքում ռումբ է տեղադրված

Այսօր` վաղ առավոտյան, Աբովյանի ոստիկանությունը անհայտ անձի կողմից ահազանգ է ստացել, թե Աբովյանի քաղաքապետարանում ռումբ է տեղադրված: Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի ստորաբաժանման աշխատակիցները ստուգել են քաղաքապետաարնի շենքը եւ ռումբ չեն հայտնաբերել:

 

Կեսօրին մոտ ոստիկանությանը նորից ահազանգել են, թե ռումբը տեղադրված է ոչ թե քաղաքապետարանի շենքում, այլ Բարեկամության 2 հասցեում` Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչությունում: Այստեղ են տեղակայված Աբովյան քաղաքի դատախազությունը, Անշարժ գույքի կադաստրի Աբովյանի ծառայությունը, Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, Ազգային արխիվի Աբովյանի ներկայացուցչությունն ու այլ ծառայություններ:

 

Ինչպես ԵՐԿԻՐ-ին հայտնեցին Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչության աշխատակիցները, այս պահին փրկարարները շենքում տեղազննություն են անցկացնում: Այստեղ էին Աբովյան քաղաքի ոստիկանապետը, Ազգային անվտանգության ծառայության, շտապ օգնության աշխատակիցները։ Ինչպես քաղաքապետարանի` այնպես էլ այստեղ, տեղազննությունը կատարում են սակրավորները` հատուկ վարժեցրած շների օգնությամբ։ Տարածքում նաեւ շատ հետաքրքրասեր քաղաքացիներ են հավաքվել:

 

Հիշեցնենք, նման ահազանգ էր ստացվել նաեւ 2010-ի նոյեմբերի 18-ին: Այն ժամանակ հեռախոսային ահաբեկիչը նույնիսկ հայտնել էր ռումբի պայթյունի ժամանակը` 15:30: Այն ժամանակ ռումբը այդպես էլ չպայթեց, որովհետեւ չհայտնաբերվեց: Ահազանգը կեղծ էր: Հուսանք, որ այսօրվա ահազանգն էլ կեղծ կլինի եւ ահաբեկիչն ի վերջո կպատժվի:

 

Նշենք նաեւ, որ նոյեմբերի 18-ի կեղծ ահազանգից հետո Աբովյան քաղաքում լուրեր էին պտտվում, թե ահաբեկչությունն ուղված է Կադաստրի ծառայության Թաթուլ անունով պետի դեմ: Բոլորը միաբերան պնդում էին, թե կոռուպցիան այստեղ այնպիսի չափերի է հասել, որ նման ձեւով փորձում են դաս տալ ծառայության պետին: